ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ անընդհատ ինքն իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը բարոյական տեսանկյունից արդարացված է, թե՞ ոչ։

NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ ողջ հակամարտության ընթացքում իր մտածելակերպը ձևավորվել է սեփական հավատքի ազդեցությամբ։ Նա պատմել է այն մասին, թե ինչպես է արդարացի պատերազմի քրիստոնեական հայեցակարգը պարտավորեցնում առաջնորդներին «իրենց շատ բարդ հարցեր տալ այն մասին, թե արդյո՞ք պատերազմն արդարացված է»։ Պատասխանները միշտ չէ, որ միանշանակ են, ընդգծել է Վենսը, որը նախկինում մշտապես դեմ էր արտահայտվում արտերկրում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին, սակայն նա աջակցել է նաև Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշմանը։ «Բայց լավագույն դեպքում,- ասել է նա,- դա ստիպում է ձեզ ճիշտ հարցեր տալ։ Դրա համար էլ ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ. «Արդյո՞ք դա արդարացված է։ Արդյո՞ք բարոյական է։ Արդյո՞ք ճիշտ է»։ Եվ սա իրոք սահմանափակումներ է դնում քաղաքական առաջնորդների վրա, ինչպես որ պետք է լինի»։

Վենսը հավելել է, որ «շատ մեծ հույս ունի», թե Իրանը կհամաձայնի միջուկային զենք չմշակել ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակներում։ «Կարծում եմ՝ ավելի բարդ հարցն այն է,- նշել է նա,- թե արդյո՞ք նրանք կհամաձայնեն [հնարավոր համաձայնագրի] կատարման ապահովման այնպիսի մեխանիզմի, մոնիթորինգի այնպիսի համակարգի, որը մեզ վստահություն կտա, որ նրանք ապագայում չեն խախտի գործարքը»։

Source: https://news.am/hy/news/1038837