Ես իմացել եմ, որ Չինաստանում կա մեծ չինական պատ, որ Չինաստանում կա կոնֆուցիոս, Չինաստանում թուղթն է ստեղծվել, վառոդն է ստեղծվել, մետաքսն է ստեղծվել, բայց որ Չինաստանում կա հալուցինացիա առաջացնող սունկ, առաջին անգամ դրա մասին իմացել եմ կալուգացի Սամոյից և իրենց շրջապատից։ Այս մասին այսօր՝ մայիսի 29–ին, Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դրանք, որ գնում են Չինաստան կամ որևէ տեղեր, դրանց առաջին հետաքրքրության օբյեկտը հալուցինացիա առաջացնող սունկն է։ Ամեն մեկն իր փչացածության աստիճանի է մտածում, և ես խոստացել եմ, ասել եմ՝ քեզ դե յուրե դատարանում սունկ եմ կերցնելու, և այդ սունկը ինքը պիտի ուտի բոլորիդ աչքի առաջ»,–ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ նախկիններն ուզում են խլել իշխանությունը ժողովրդից և անել այն, ինչ անում էին մինչև 2018 թվականը. «Դուք հիշո՞ւմ եք, թե Դիլիջանը ինչ վիճակում էր 2018 թվից առաջ, ու հիմա ինչ վիճակում է»։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի Գուլոյանի պետականացված առանձնատանը՝ նա հայտարարեց. «Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է, դատարանի որոշումը մտել է ուժի մեջ, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է, դրանից հետո, գնացել են այդ տնից գողություն են արել և հիմա նոր քրեական գործ է հարուցված։ Ծառուկյան Գագոն և իր փեսեն գնացել են այդ տան պատերից քարերը պոկել են, և մի հատ էլ դրա համար են դատվելու։ Պատերից քարերը պոկել են, գողացել են, չգիտեմ ինչ ոսկեջրած է եղել, ինչ է եղել, բայց հիմա քրեական գործ է հարուցած, որովհետև այդ քարը իրենցը չի եղել»,–ասաց նա։

Source: https://news.am/hy/news/1039310