ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրել էր 2,7 միլիոն ողջ մարդկանց ներառել այսպես կոչված «մահվան գրանցամատյանում» (death file), որպեսզի անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակում նրանց զրկի աշխատելու, նպաստներ ստանալու և բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Դրա մասին հայտնի է դարձել Սոցիալական ապահովության վարչության (SSA) նախկին թոփ-մենեջեր Ջերեմիա Շոֆիլդի հայցից, որը ստացել է իրազեկողի կարգավիճակ, գրում է The Washington Post-ը:

Շոֆիլդը, որը գերատեսչությունում աշխատել է 25 տարի և հեռացել հոկտեմբերին, հրաժարվել է մասնակցել այդ ծրագրի իրականացմանը կառավարական իրավաբանների նախազգուշացումներից հետո, որոնք նշել են, թե ողջ մարդկանց միտումնավոր մահացած հայտարարելը խախտում է դաշնային օրենսդրությունը:

Այս հայցը հայտնվել է, երբ անցյալ տարի Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչները ներդրվել էին SSA-ի կառուցվածքում՝ վատնումների և խարդախության դեմ պայքարելու նպատակով:

Ավելի վաղ ևս երկու իրազեկող DOGE-ին մեղադրել էին տվյալների հետ անփույթ վարվելու մեջ, ինչը վտանգի տակ էր դրել ԱՄՆ բոլոր քաղաքացիների սոցիալական ապահովության համարները:

Ըստ գանգատի՝ ի սկզբանե Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) SSA-ից պահանջել էր մահացած հայտարարել մոտ 6000 ողջ մարդկանց, և նրանք ներառվել էին տվյալների բազայում, սակայն ուշ արդեն հեռացվել էին այնտեղից:

2025 թվականի ապրիլին DHS-ը SSA-ին է փոխանցել երկրորդ ցուցակը, որն արդեն պարունակում էր 2,7 միլիոն մարդ՝ «մահվան գրանցամատյանում» ներառելու համար:

Շոֆիլդը մտահոգություն է հայտնել, որ այս ծրագիրը ներգաղթյալների արտաքսման լայնամասշտաբ արշավի մի մասն էր՝ անկախ նրանց դատվածության առկայությունից կամ ահաբեկչության մեջ կասկածվելուց: Իրազեկողի վկայությամբ՝ DOGE-ի աշխատակիցը գերատեսչության դրդապատճառները բացատրել է այսպես. կա՛մ այդ մարդկանց կյանքը կկործանվի, և նրանք ստիպված կլինեն գնալ «ինքնաարտաքսման», կա՛մ տվյալները ուղղելու համար SSA-ի տեղական բաժանմունքներ դիմելիս նրանց կձերբակալեն DHS-ի աշխատակիցները՝ երկրից հետագա արտաքսման նպատակով:

Source: https://news.am/hy/news/1041269