«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արթուր Օսիպյանն այսօր մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և քվեարկել։ «Հետքը» արձանագրել է նրա մասնակցությունը եւ կարճ զրույց ունեցել։
Ավելի ուշ Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանից տեղեկացել ենք, որ Արթուր Օսիպյանը չունի ՀՀ քաղաքացիություն։
Թե ինչպես են Արթուր Օսիպյանի տվյալները հայտնվել ընտրողների ցուցակում և փոխանցվել «Նուբարաշեն» ՔԿՀ, եթե չունի ՀՀ քաղաքացիություն, փորձել ենք պարզել ԿԸՀ մամլո խոսնակ Սեդա Ղուկասյանից։
Նրա խոսքով, ընտրական ցուցակները կազմում է ոչ թե ԿԸՀ-ն, այլ Պրոբացիայի ծառայությունը, հետեւաբար հարցը ԿԸՀ լիազորությունների տիրույթում չէ։
ՔԿՀ ընտրողների ցուցակները ԿԸՀ-ին ուղարկում է Արդարադատության նախարարությունը։ Վերջինս այդ ցուցակները ստանում է համապատասխան քրեակատարողական հիմնարկներից։
«Արթուր Օսիպյանի քվեարկելու հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որի վերաբերյալ մենք արդեն գրություն ենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- «Հետքին» հայտնեց Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Source: https://news.am/hy/news/1041797