Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանն իր խորհրդական Էուջեն Տոմակին առաջադրել է վարչապետի պաշտոնում՝ փորձելով հաղթահարել քաղաքական ճգնաժամը և լուծել Եվրոպական միությունում ամենախոշոր բյուջետային դեֆիցիտներից մեկի խնդիրը, գրում է Bloomberg գործակալությունը։
Դանը հանձնարարել է 44-ամյա Տոմակին՝ պատմաբան և Եվրախորհրդարանի պատգամավոր, բանակցություններ սկսել նույն այն եվրոպամետ ուժերի հետ, որպեսզի փորձի աջակցություն ձևավորել այսպես կոչված «տեխնիկական» կառավարության՝ մի կաբինետի համար, որը կողմնորոշված է առաջին հերթին պետական ինստիտուտների և բյուջեի կայունացմանը, այլ ոչ թե կուսակցական օրակարգին։
Ըստ ընթացակարգի՝ Տոմակը պետք է 10 օրվա ընթացքում ստանա խորհրդարանի վստահության քվեն՝ իր նախարարների կաբինետը հաստատելու համար։
Նշանակումը տեղի է ունենում երկրում տևական քաղաքական անկայունության պայմաններում. նախկին կառավարող կոալիցիան, որի մեջ մտնում էին չորս եվրոպամետ կուսակցություններ, փլուզվել էր անցյալ ամիս՝ տնտեսական քաղաքականության և բյուջետային համախմբման միջոցառումների շուրջ տարաձայնությունների պատճառով։ Դա հանգեցրել էր փաստացի կառավարական վակուումի և նոր կաբինետ ձևավորելու անհրաժեշտության։
Source: https://news.am/hy/news/1040979