ՔՊ-ի քարոզարշավի մասնակիցը պարզվում է, որ Ստեփանավանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության բաժնի պետն է՝ Գայանե Ղալաչյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Ստեփանավանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ News.am-ի լրագրողը մոտեցել էր Գայանե Ղալաչյանին ու հետաքրքրվել՝ արդյոք քարոզարշավին է աջակցում, դրական պատասխան ստանալուց հետո հարցրել էր «ո՞ւմ հետ է եկել, կոլեգաների՞»։ Ի պատասխան՝ Ղալաչյանն ասել էր․ «Ընդմիջման ժամ է, դուրս եմ եկել»։ Այնուհետև լրագրողի ճշտող հարցին, թե որտեղից է դուրս եկել, նա պատասխանել էր՝ «աշխատանքի վայրից»։ Հաջորդիվ լրագրողը կրկին հարցրել էր, թե որտեղ է աշխատում։ Ղալաչյանը սկզբում նշել էր, որ դա կարևոր չէ։ Երբ լրագրողը նշել է, որ քարոզարշավին ներկա են քոլեջների, դպրոցների, մանկապարտեզների և բուժհաստատությունների աշխատակիցներ, և կրկին հետաքրքրվել է նրա աշխատավայրով, Ղալաչյանը որոշ ժամանակ մտածելուց հետո հայտնել է, որ աշխատում է մասնավոր արտադրությունում, ապա լրագրողի ճշգրտող հարցին ի պատասխան՝ նշել է, որ աշխատում է հացի արտադրությունում։

Գայանե Ղալաչյանի հետ խոսել է Factor TV-ն. «Եթե լրագրողն իմ հետ նորմալ շփվեր, ես հաստատ նորմալ կպատասխանեի»,- այսպես է մեկնաբանել մայիսի 19-ի իր այն հայտարարությունը, որ, իբր, աշխատում է հացի արտադրությունում։

«Ես իմ աշխատանքի ժամին դուրս եմ եկել, լսել եմ, քարոզով չեմ զբաղվել, ես ոչ մի ավելորդ բան չեմ արել։ Երբ որ լրագրողը մոտեցավ, ես համբերատար կանգնեցի, բայց լրագրողը սկսեց այլ հարց տալ։ Եթե Դուք նայում եք նյութը, ես ասում եմ՝ «ի՞նչ կարևոր է՝ որտեղ եմ աշխատում», ու հետո սկսում եմ մտածել՝ ինչ ասեմ, որ ասեց՝ «օրինակ՝ ես աշխատում եմ էսինչ տեղը», ես էլ ասացի՝ որտեղ եմ աշխատում։ Այսինքն՝ եթե լրագրողն իմ հետ նորմալ շփվեր, ես հաստատ նորմալ կպատասխանեի։ Դուք իմ հետ նորմալ շփվեք, ես Ձեզ հետ երկու-երեք անգամ նորմալ կշփվեմ»,- ասել է Ղալաչյանը։

Մեր այն հարցին, թե ինչու է սխալ նշել կամ թաքցրել իր աշխատավայրը, պաշտոնյան արձագանքել է․ «Ես չուզեցի ասել։ Կամ ի՞նչ հանցանք եմ գործել։ Դա ընդմիջման ժամ էր։ Իմ սխալն այն էր, որ ես, լինելով դաստիարակված մարդ, կանգնեցի ու պատասխանեցի»։

Արդյոք զղջում է իր պահվածքի համար՝ հետաքրքվել են Ղալաչյանից։ «Ընկել եմ սոցցանցերի քննարկումների տակ։ Ես հանցանք չեմ գործել, որ զղջամ։ Ես ո՛չ մարդ եմ սպանել, ո՛չ մարդ եմ վարկաբեկել, ո՛չ որևէ մի բան։ Դա պահի ազդեցության տակ էր»,- ասաց պաշտոնյան։

Գայանե Ղալաչյանից հետաքրքրվել են նաև՝ արդյոք երբևէ աշխատել է հացի արտադրությունում։

«Նախկինում մեր ընտանիքով փոքր բիզնես ենք ունեցել, ամուսինս այստեղ էր, արել ենք։ Հիմա ամուսինս արտերկրում է, մենք փակել ենք, չենք աշխատացնում դա»,- ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1040686