Կառավարության այսօրվա՝ մայիսի 21–ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հանրակրթության պետական չափորոշչում։
Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվել է 2021 թվականի փետրվարին, այնուհետև փորձարկվել Տավուշի մարզում և 2023 թվականից փուլային կարգով ներդրվել բոլոր դպրոցներում։ Այս պահին 1-11-րդ դասարաններում գործում է նոր չափորոշիչը, իսկ առաջիկա սեպտեմբերից այն նաև 12-րդ դասարանում կներդրվի՝ գործընթացը դարձնելով ավարտական։
Փաստացի հանրակրթության պետական չափորոշիչն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ ներդրված է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի, որը ներկայում ներդրված է միայն Տավուշի մարզում։ Այս ընթացքում ԿԳՄՍ նախարարության և գերատեսչության ենթակայությամբ գործող կառույցների՝ ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի իրականացրած մշտադիտարկումների, ստուգումների, ուսումնասիրությունների և վերլուծությունների, ինչպես նաև կրթության շահակիցներից՝ տնօրեններից, ուսուցիչներից, սովորողներից և ծնողներից ստացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել խմբագրելու չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ, ճկուն և գործնական կիրառելի ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման տեսանկյունից։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ չափորոշչի առանցքային սկզբունքները մնացել են անփոփոխ՝ այն է՝ գիտելիքի փոխանցմանը զուգահեռ սովորողի մոտ ձևավորել հմտություններ, կարողություններ, արժեքներ, քննական մտածողություն և դիրքորոշում։ Նրա խոսքով՝ կատարվող փոփոխությամբ Կառավարության ծրագրի կարևորագույն թիրախը՝ հանրակրթության որակի բարձրացումը, կդառնա ավելի նպատակային և կապահովի ավելի մեծ արդյունքներ։
Դրանք ընդգրկում են անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը՝ դպրոցաշինության, նոր գույքով և լաբորատորիաներով հագեցման ծրագրերը, որը չափազանց կարևոր է։ Բարեփոխումներն ընդգրկում են նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի գրավչության բարձրացմանն ուղղված լայնածավալ գործընթացները, որոնք ենթադրում են նաև անհրաժեշտ մարդկային ռեսուրսի ներգրավում և զարգացում։
Բայց, միևնույն ժամանակ, պետության ուշադրությունը առավելապես սևեռված է հանրակրթության բովանդակության վրա, իսկ հանրակրթության չափորոշիչն իր մեջ ամփոփում է բովանդակության հետ կապված հիմնական մոտեցումներն ու աշխատանքները։
Այս ամբողջ ընթացքում մենք շատ ուշադիր հետևել ենք՝ տեսնելու, թե ինչ դրական արդյունքներ ունենք, ինչպես նաև ինչ խնդիրներ կան, որոնք պետք է հասցեագրվեն։ Չափորոշչում փոփոխությունը հնարավորություն կտա բարձրացնել ուսումնական գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունը, նվազեցնել բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ձևավորել սովորողների անհատական զարգացման և մասնագիտական կողմնորոշման ավելի լայն հնարավորություններ, հատկապես ավագ դասարաններում, ինչպես նաև կրթության բովանդակությունը համապատասխանեցնել ժամանակակից կրթական և անվտանգային պահանջներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը միաժամանակ ընդգծել է՝ Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխություններն առավելապես վերաբերում են իրականացման գործընթացին՝ այն դարձնելով ավելի արդյունավետ. «Գաղափարական որևէ փոփոխություն, բնականաբար, չի կատարվում, որովհետև չափորոշչով որդեգրված մոտեցումը՝ մեր երեխաներին համակողմանի կրթություն ապահովելու մասին, պահպանվում է։ Այդ կրթությունը պետք է ներառի թե՛ գիտելիք, թե՛ հմտություններ, թե՛ արժեքներ, թե՛ դիրքորոշումներ։ Առանցքային կարողունակություններն ու յուրաքանչյուր կրթական աստիճանի վերջնարդյունքները մնում են նույնը»։
Մասնավորապես՝ սահմանվում են ուսումնական պլանների ձևավորման ավելի ճկուն կարգավորումներ։ Նախարարի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր դպրոց պետք է կարողանա տվյալ համայնքի կարիքներին համապատասխան ուսումնական պլան կազմել՝ պահպանելով պետական պարտադիր, դպրոցական և անհատական բաղադրիչները։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխություններով ընդլայնվում է նաև նախագծային ուսուցումը․ «Սա, ամենակարևոր անելիքներից է, որովհետև հենց նախագծային ուսուցման միջոցով են երեխաները սովորում աշխատել որևէ խնդրի վրա սկզբից մինչև վերջ՝ սկսած խնդրի ձևակերպումից մինչև դրա լուծման ճանապարհների որոնումն ու եզրակացությունների հանգելը։ Ընդ որում՝ այս ամենն իրականացվում է թիմային ձևաչափով, ինչը նպաստում է նաև թիմային աշխատանքի հմտությունների ձևավորմանը։ Մենք արդեն պարտադիր էինք դարձրել նախագծային ուսուցումը, իսկ այժմ առաջարկում ենք այն ընդլայնել՝ սահմանելով յուրաքանչյուր կիսամյակում առնվազն մեկ նախագիծ իրականացնելու պահանջ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի բնագիտական ուղղվածության»։
Փոփոխություններ են նախատեսվում նաև 10–12-րդ դասարանների սովորողների համար՝ ավագ դպրոցում սովորելը նպատակային և արդյունավետ դարձնելու միտումով․ «Արդեն գործող չափորոշչով սահմանված էր, որ երեխաները կարող են ընտրել նպատակային ուսուցման առարկաներ, որոնք հիմք են դառնում նրանց մասնագիտական կողմնորոշման համար։ Դա նաև հնարավորություն է տալիս դպրոցում ձևավորել հետագա մասնագիտական կրթության համար անհրաժեշտ բազա և ավելի արդյունավետ պատրաստվել ընդունելության քննություններին։ Այս փոփոխություններով զարգացնում ենք անհատականացված դասացուցակի տրամաբանությունը՝ 12-րդ դասարանում նվազեցնելով ավարտական կամ միասնական քննությունները հաջողությամբ հանձնած սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը»։
Վերջին տարիներին բուհերի ընդունելության համակարգում սահմանված նոր կագավորումների համաձայն՝ ավարտական դասարանի սովորողները բուհերի ընդունելության և ավարտական քննությունները հանձնում են առաջին կիսամյակում։ Ունենալով դրական արդյունքներ՝ երկրորդ կիսամյակում նրանք այլևս հետաքրքրված չեն լինում շարունակելու ուսումնառությունը, մյուս կողմից առարկաների կրկնությունն այս դեպքում նպատակային չէ։ Ուստի, առաջարկվում է ավարտական կամ միասնական քննությունները դրական հանձնած սովորողի ծանրաբեռնվածության նվազեցում՝ այն փոխարինելով նախագծային, հետազոտական և կամավորական աշխատանքով։
Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրել է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով նախատեսվում է, որ ընդունելության գործընթացում նշված բաղադրիչները կդառնան պարտադիր։
«Նախատեսում ենք նաև ներդնել ինտեգրված և մոդուլային ուսուցման մոտեցումներ։ Սա հնարավորություն կտա ավագ դասարաններում կրճատել առարկաների թիվը՝ առանց բովանդակության անհրաժեշտ ծավալը նվազեցնելու, ձևավորել իրականության տարբեր կողմերի ամբողջական ընկալում, խթանել միջառարկայական կապերը և այդպիսով ստեղծել ավելի մրցունակ կրթության հիմք։ Անհրաժեշտ հստակեցումներ են կատարվում նաև մասնագիտացված դպրոցների համար»,- ասել է նախարարը։
Նա տեղեկացրել է՝ կարգավորվում է նաև սովորողների ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով միջազգային փորձը և շաբաթական նվազագույն ու առավելագույն ծանրաբեռնվածության չափանիշները՝ ելնելով նաև երեխաների առողջության պահպանման անհրաժեշտությունից։ Ըստ այդմ՝ ծանրաբեռնվածությունը սահմանելիս նախատեսվում են նաև արտադասարանական պարապմունքներին առնչվող կարգավորումներ։
Մեկ այլ փոփոխությամբ ընդլայնվում է անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուղղությամբ կրթության բովանդակությունը։ Մասնավորապես՝ ներկայում գործող «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան չի ներառում տեղեկատվական և քաղաքացիական անվտանգության, ինքնապաշտպանության և գոյատևման տարրական հմտություններին վերաբերող բաղադրիչներ։ Ըստ նախարարի՝ առաջարկվող ընդլայնումը հնարավորություն կտա երեխաների գիտելիքներն ու հմտությունները դարձնել ավելի համակողմանի. «Առարկայական բաղադրիչով նախատեսվում է ներառել նաև «Առողջ ապրելակերպ» խմբակը՝ ամրապնդելով երեխաների առողջ ապրելակերպի հմտություններն ու վարքականոնները, ինչը չափազանց կարևոր է»։
Չափորոշչի շարունակական զարգացման համար սահմանվում է նաև դրա պարբերական վերանայման մեխանիզմ․ յուրաքանչյուր չորս տարին մեկ չափորոշիչը կարող է վերանայվել՝ կատարված վերլուծությունների հիման վրա։
Ժաննա Անդրեասյանը նաև նիստի ընթացքում տեղեկացրել է, որ այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին դասի միջոցառումները կանցկացվեն մայիսի 22-ին, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ մայիսի 23-ին: 12-րդ դասարանն այս տարի ավարտում են ավելի քան 22.000, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39.000 դպրոցականներ: ԿԳՄՍ նախարարը կարևորել է Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը և հույս հայտնել՝ օրը կանցնի տոնական և դրական մթնոլորտում՝ առանց որևէ միջադեպի:
Source: https://news.am/hy/news/1037210
Football
Փոփոխություններ Հանրակրթության պետական չափորոշչում. Ինչ է փոխվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։