Վարչապետի պաշտոնի թեկնածուների բանավեճում Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին անդրադարձավ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի գործին՝ հայտարարելով, որ «Հաց բերողին տարել, սպանել են կեղծ դատական եզրակացություններով»։ Փաշինյանը գործը ներկայացրեց որպես նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած անարդարության օրինակ։
Սակայն այս հայտարարությունից հետո կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվում մեկ այլ հարց՝ ի՞նչ եղավ այն քննիչների և դատավորների հետ, որոնք մասնակցություն են ունեցել Արթուր Սարգսյանի կալանավորման որոշումների կայացմանը։ Արդյո՞ք նրանք պատասխանատվության ենթարկվեցին։
Փաստացի՝ ոչ միայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, այլև «Հաց բերողի» գործով առանցքային որոշումներ կայացրած պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ստացել են պաշտոնական առաջխաղացումներ, բարձր պաշտոններ և պետական կոչումներ։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հանրային ճանաչում ստացավ 2016 թվականի հուլիսին, երբ սնունդ տարավ ՊՊԾ գունդ՝ այնտեղ գտնվող զինյալներին, գերի մնացած ոստիկաններին և բժիշկներին։ Նրա քայլը հանրության մի մասի կողմից ընկալվեց որպես բացառապես մարդասիրական արարք։
Սակայն հետագայում նա ներգրավվեց «Սասնա ծռեր» գործի շրջանակում։ Չնայած առողջական ծանր վիճակին՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվեց՝ ստորագրությամբ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով առողջական վիճակը։
Սակայն արդեն 2017 թվականի փետրվարի 9-ին Հատուկ քննչական ծառայության քննիչ, «Սասնա ծռեր» գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը միջնորդեց կրկին կալանավորել Արթուր Սարգսյանին՝ պատճառաբանելով խափանման միջոցի պայմանների խախտումը։
Միջնորդությունը բավարարեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, և Սարգսյանը կրկին կալանավորվեց։ Կարճ ժամանակ անց նա հացադուլ հայտարարեց, առողջական վիճակը վատացավ, իսկ 2017 թվականի մարտի 16-ին մահացավ հիվանդանոցում։
Էդիկ Հակոբյան․ «Հաց բերողի» գործից՝ հակակոռուպցիոն համակարգի ղեկավար կազմ
Արթուր Սարգսյանի կրկնակի կալանավորման միջնորդությունը ներկայացրած քննիչ Էդիկ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին զգալի կարիերային առաջընթաց է ունեցել։
2019-2021 թվականներին նա ղեկավարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունը, 2021 թվականին նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 19-ից՝ արդեն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։
Բացի պաշտոնական նշանակություններից, Հակոբյանը նաև պետական պարգևների է արժանացել։ 2020 թվականին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում, նա պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ 2024 թվականին Հանրապետության տոնի առթիվ ստացել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Արթուր Մկրտչյան․ «Հաց բերողի» գործով դատավորից՝ դատարանի նախագահ
Դատավոր Արթուր Մկրտչյանը, որը բավարարել էր Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունը, ևս պաշտոնական առաջխաղացում է ունեցել։
2024 թվականի օգոստոսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդը նրան միաձայն ընտրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի ընտրական բանավեճում կրկին օգտագործում է «Հաց բերողի» գործը՝ այն ներկայացնելով որպես նախորդ համակարգի անարդարության խորհրդանիշ և խոսելով «կեղծ դատական եզրակացությունների» մասին։ Միևնույն ժամանակ, այդ նույն գործով առանցքային որոշումներ կայացրած պաշտոնյաները հենց նրա իշխանության օրոք ստացել են նոր պաշտոններ, դասային աստիճաններ և պետական պարգևներ՝ ձևավորելով ակնհայտ քաղաքական հակասություն։
Source: https://news.am/hy/news/1041331