ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կչեղարկի Գերմանիա Tomahawk թևավոր հրթիռների մատակարարման գործարքը՝ Ռուսաստանի արձագանքի վերաբերյալ մտահոգությունների և Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում այդ զենքի պաշարների զգալի սպառման պատճառով, հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին։

«Ակնկալվում է, որ Պենտագոնը կչեղարկի Tomahawk հրթիռները Գերմանիա ուղարկելու ծրագիրը՝ մասամբ այն պատճառով, որ պաշտոնյաները մտավախություն ունեն, թե Ռուսաստանը դա կընկալի որպես էսկալացիա»,- նշվել է հրապարակման մեջ։

Նշվել է, որ ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Մոսկվայի պատասխան քայլերով, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իրականացնի մայրցամաքի կենտրոնում բարձր ճշգրտության հրթիռներ տեղակայելու ծրագիրը։ Սակայն դրանք չմատակարարելու ցանկացած որոշում կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի օրոք կնքված գործարքը և Բեռլինին կթողնի առանց այն սպառազինության, որի կարիքն, ինչպես ասում են գերմանացի առաջնորդները, իրենք հուսահատորեն ունեն, հավելել է պարբերականը։

Politico-ի աղբյուրները նշել են, որ այս որոշումը ՆԱՏՕ դաշինքում ամերիկյան մասնակցությունը կրճատելու ավելի լայն ռազմավարության մի մասն է, որը ներառում է Գերմանիայում հազարավոր ամերիկացի զինծառայողների տեղակայման չեղարկումը և անհրաժեշտության դեպքում որպես լրացուցիչ ուժեր ինքնաթիռներ, անօդաչու սարքեր և նավեր տրամադրելուց հրաժարվելը։ Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ խոսքն այն մասին է, որ «դաշնակիցներն իրենց վրա վերցնեն Եվրոպայի ավանդական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը»։

Այս պահին Պենտագոնը հրթիռային սպառազինության պաշարները վերականգնելու խիստ կարիք ունի, այդ թվում՝ Իրանի արշավի ընթացքում ծախսված հազարավոր Tomahawk թևավոր հրթիռներն ու Patriot հրթիռները, ընդգծել են պաշտոնյաները։

Պարբերականը հիշեցրել է, որ ավելի վաղ՝ մայիսին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր, որ չի ակնկալում, թե ԱՄՆ-ը Գերմանիայում կտեղակայի Tomahawk թևավոր հրթիռներ՝ 1,6 հազար կիլոմետր հեռահարություն ունեցող այդ հրթիռների սահմանափակ քանակի պատճառով։ «Ամերիկացիներն իրենք հիմա բավարար քանակով նման միջոցներ չունեն»,- ասել է Մերցը գերմանական հանրային հեռուստատեսությանը։

«Մեկուկես տարի առաջ մենք ամերիկացիներին պաշտոնական հարցում ենք ուղարկել Tomahawk հրթիռներ գնելու համար»,- մայիսին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Մենք մինչ օրս սպասում ենք պատասխանին։ Բայց, անկեղծ ասած, հաշվի առնելով աշխարհում ներկայիս իրավիճակը, ես այս առումով այնքան էլ մեծ հույսեր չունեմ»,- ընդգծել է Պիստորիուսը։

Source: https://news.am/hy/news/1041051