ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ-ի համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ։
Սկզբում ստացվել են առանձին տվյալներ, այնուհետև ի հայտ է եկել փաստերի շղթա ու ամբողջ համակարգի ուրվագիծ։ Օպերատիվ աշխատակիցների ուշադրությունն է գրավել Երևանում գործող մի շարք գրասենյակների գործունեությունը: Արտաքուստ՝ սովորական աշխատանքային միջավայր է եղել, սակայն օպերատիվ տվյալները փաստում էին, որ այդ գրասենյակներում հնարավոր է իրականացվում է բոլորովին այլ գործունեություն։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ գործունեությունը կրել է կազմակերպված բնույթ։ Գործել են թիմային կառուցվածքներ, խմբի ղեկավարներ և գործակալներ, որոնց հիմնական նպատակը եղել է նոր խաղացողների ներգրավումը և նրանց ակտիվության աճը։ Մի շարք հասցեներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատակիցներ, աշխատանքային համակարգիչներ, սերվերային սարքավորումներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, բազմաթիվ SIM քարտեր, տեսաձայնագրման սարքեր, ինչպես նաև մեծածավալ էլեկտրոնային և թղթային փաստաթղթեր։
Source: https://news.am/hy/news/1041093