Պակիստանի ներքին գործերի նախարար Սայեդ Մոհսին Նաքվին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին է փոխանցել հատուկ ուղերձ, որը հասցեագրված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, հաղորդում է Mehr-ը։
Ըստ պակիստանցի նախարարի, նամակը ուղարկվել է Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի և վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից և վերաբերում է տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակին։
«Ես ժամանել եմ՝ Իսլամական Հանրապետության առաջնորդին փոխանցելու ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և վարչապետ Շահբազ Շարիֆի հատուկ նամակը։ Սա կարևոր ուղերձ եմ համարում և հույս ունեմ, որ ամեն ինչ կավարտվի դրական արդյունքով», — հայտարարել է Նաքվին։
Իրանական գործակալության հաղորդմամբ, պակիստանցի նախարարի այցը Իսլամաբադի դիվանագիտական ջանքերի մի մասն է, որոնք ուղղված են Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսությանը նպաստելուն և պայմանավորվածությունների ձեռքբերմանը։
Նաքվին շաբաթ օրը ժամանել է Թեհրան և նաև բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Էսկանդար Մոմենիի հետ։
Source: https://news.am/hy/news/1041658