ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցերը։ Այն վարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ մասնակցել են ՆԳ նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների ներկայացուցիչներ։

Օրակարգում հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման վերաբերյալ հարցերն էին։

Ներկայացվել է վիճակագրական քարտերի հաշվառման էլեկտրոնային հարթակի նախագծային տարբերակը, ինչը թույլ կտա թղթային գործընթացները փոխարինել թվային լուծումներով՝ ապահովելով հետագծելիությունը։

Անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործիքների կիրառմանը, որոնք նախատեսվում է օգտագործել տվյալների վերլուծության, հնարավոր անհամապատասխանությունների բացահայտման և այլ գործառույթների համար։

Քննարկվել են նաև իրավապահ մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման հնարավորությունները, ինչի արդյունքում ապահովվելու է տվյալների փոխգործելիությունն ու տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի տեխնիկական և բովանդակային լուծումների շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով շարունակել աշխատանքային քննարկումները։

Source: https://news.am/hy/news/1040774