Մենք առաջարկում ենք Հայաստանում կառուցել ջրամբարներ, որոնք թույլ կտան կուտակել հալոցքային ջրերի այդ 7,4 միլիարդ խորանարդ մետրից առնվազն 5 միլիարդը։ Դրանցից 3 միլիարդը մենք կտանք մեր ժողովրդին՝ լիարժեք օգտագործման համար, իսկ մնացած 2 միլիարդը կվաճառենք։ Այս մասին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ մայիսի 27-ին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։

Որպես պաշտպանական բյուջեի համալրման ռազմավարական աղբյուր՝ նա նշել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու նոր ջրամբարների կառուցումը։ Սարգսյանը մատնանշել է, որ գարնանը Հայաստանի լեռներում գոյանում է 7,4 միլիարդ խորանարդ մետր հալոցքային ջուր, սակայն արդեն հունիսին գյուղերի ու քաղաքների բնակիչները բախվում են խիստ դեֆիցիտի և ջրամատակարարման օպերատորի կողմից իրականացվող հովհարային անջատումների։ Սարգսյանը որպես օրինակ բերել է ֆինանսական հաշվարկները, որոնց համաձայն՝ դեպի Իրան ավելցուկային ջրի արտահանումը՝ նույնիսկ մեկ խորանարդ մետրի դիմաց 50 ցենտով, մեկ միլիարդ դոլարի ուղղակի շահույթ կբերի պետությանը։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հավելել է. «Եթե այդ միջոցներն ուղղվեն պաշտպանական ոլորտին, Հայաստանի ռազմական բյուջեն կհասնի երկու միլիարդ դոլարի, ինչը թույլ կտա արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը և մեր բանակի մարտական հնարավորություններն ամբողջությամբ հավասարեցնել ադրբեջանականի հետ»։ Արամ Սարգսյանի խոսքով՝ այս ծրագրի մեկնարկը թույլ կտա լուծել երկրի ներսում ջրի դեֆիցիտի բազմամյա խնդիրը և միաժամանակ կապահովի ռազմարդյունաբերական համալիրի արագացված ֆինանսավորումը։

Source: https://news.am/hy/news/1038834