Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին կոչ է անում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում Եվրոպայի համար ընտրել մեկ միասնական ներկայացուցիչ։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է «Corriere della Sera» թերթը։
«Եվրոպական միությունը պետք է պատրաստ լինի այս երկխոսությունը գլխավորելու համար. լոկ կողմնակի դիտորդ լինելը կամ ուրիշներին հարմարվելը սխալ կլիներ։ Բայց դրա համար մենք պետք է հստակեցնենք, թե ով է բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնելու եվրոպական շահերը», — Պատգամավորների պալատում իր ելույթի ժամանակ հայտարարել է Մելոնին։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընտրել հեղինակավոր մի անձի, ով կունենա «ԵՄ անդամ բոլոր երկրների վստահությունն ու մանդատը՝ Եվրոպայի տեսակետն առաջ տանելու համար»։
«Եվրոպայի համար մենք պետք է Մոսկվայի հետ փոխգործակցության ուղիների շուրջ ընդհանուր ու գործնական քննարկում սկսենք. ես շարունակում եմ բարձրացնել այս հարցի կարևորությունը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ցանկացած լուրջ սցենարում տարբեր պայմաններ անմիջականորեն կախված են Եվրոպայից, վերաբերում են Եվրոպային ու ազդում նրա վրա, և հենց Եվրոպան պետք է վարի այդ բանակցությունները», — նշել է վարչապետը։
Նա կոչ է արել «մեր դաշնակիցների հետ համատեղ աշխատանքով նպաստել խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։
Մելոնին հավելել է, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Եվրոպայի ու ԱՄՆ-ի միասնականությունը, ինչպես նաև սերտացնել նրանց միջև համակարգումը։ Նա ընդգծել է, որ սա հեշտ առաջադրանք չէ, բայցևայնպես՝ կենսականորեն անհրաժեշտ է։
Source: https://news.am/hy/news/1042822