2026 թվականին առանց մաքսատուրքի, արտոնյալ պայմանով ոչ մի կիլոգրամ լոլիկ ՀՀ մուտք չի գործել: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արշալույս գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«Այն արտահայտությունը, որ շրջանառվում է իբրեւ թե ՀՀ-ն ունեցել է քանակական քվոտա եւ դրա համար իրանական լոլիկ է ներմուծվում Հայաստան եւ պետք է սդա փակել, ձեզ ասեմ, որ էկոնոմիկայի նախարարությունն է այդ քվոտան բաշխում եւ նախարարությունն է ետղյակ, արդյոք մի քվոտա բաշխվել է թե՝ ոչ: Լոլիկի համար ոչ մի կիլոգրամ քվոտա չի բաշխվել»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ նախորդ տարի լոլիկը այս սեզոնին թանկ էր, որը արտադրողի համար լավ էր, սակայն միեւնույն ժամանակ նախորդ տարի 1000 տոննա ավելի շատ լոլիկ է ներկրվել:

Փոխնախարարը իրացման հետ կապված խնդիրը մեկնաբանեց նրանով, որ մեկ հեկտարի մասով բավական լավ բերքատվություն են կարողանում ապահովել մշակողները: Խոջոյանը որպես լուծում առաջարկում է Երևանում հատուկ հատկացված վայրերում գյուղացիական շուկաներում փորձել իրացնել բերքը, ինչին բնակիչները արձագանքեցին, որ դա խնդրի լուծում չէ: «Ձեր ասածների մեջ վատ բան չեմ տեսնում ես, բայց չաշխատող տարբերակ է, մարդիկ իրենց գործերով են, հարմար չի լինի՝ պորբկեքի միջով գնա քաղաք, իր գործերը մնան, ձեր ասածը անելու է առեւտրականը, որը վերավաճառելու է, նորից գները բարձրանալու է: Մեզ հարմար է գնալ Մեյմանդար, էդ ձեր ասածը 99 տոկոս չի աշխատելու գյուղի ժողովրդի համար: Իսկ լոլիկի համար, դե գիտենք, որ Ռուսաստանը փակել է, չխոսենք, չքաղաքականացնենք: Հիմա լոլիկը եղել է 350-400 դրամ, պարսկական ֆուռերը անդադար էլի բերում են, երեկվա տվյալներով 270-280 դրամ, գյուղի տեղական լոլիկը 300-400-ով չի վաճառվում, մեզ էլ ասում են՝ էդ գնով չտվեցիք, գնացինք ֆուռից առանք: Կարելի է ասել դարձել է դաշտի պոմիդորի գին, լճացած վիճակ է: Մեր պահանջն այն է, որ որպես փոխնախարար, որ երբ գինը իջնում է ու բերքը լճանում է, արգելք դնեք, որ էլ չներկրեն էլ»,-ասաց Արշալույսի բնակիչը: Նա նաեւ նշեց, որ տեղական արտադրողը 100-120 դրամով կաղամբ է վաճառում եւ միեւնույն ժամանակ Իրանից կաղամբ է ներկրվում:

«Եթե մի բանի գինը 100 դրամ է, կոպիտ ասաց ղռերից քար պետք է հավաքես, դնես կշռես, որ քեզ հետաքրքրիր լինի, 6 ամիս տանջվես ու 100 դրամով ծախես ու դրա հետ մեկտեղ կաղամբ ներկրեն, անկախ քեզանից ամեն ինչ աչքիցդ ընկնում է, նախարարությունն էլ, պետությունն էլ, հիասթափվում ես ամեն ինչից»,- ասաց բնակիչը:

Խոջոյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ լինելով չեն կարող արգելել ներմուծումը, քանի որ կան սահմանափակումներ, սակայն մյուս կողմից պետք է մրցունակ ապրանք արտադրել, համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար:

Source: https://news.am/hy/news/1039574