«Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) կողմից արժանացել է «Excellence in Partnership» մրցանակին՝ ի նշան արդյունավետ համագործակցության, կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի և ներդրումային միջավայրի առաջխաղացման գործում ունեցած ներդրման։

Մրցանակը հանձնվել է մայիսի 29-ին AMX-ի 25-ամյակին նվիրված «AMX 25th Anniversary» միջոցառման և գալա ընթրիքի շրջանակում։

«Այս մրցանակը բարձր գնահատական է «Կուբ Ինվեսթ»-ի և AMX-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համար։ Մենք կարևորում ենք Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն: AMX-ի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր հարթակ է՝ նպաստելու Հայաստանում ժամանակակից և մրցունակ կապիտալի շուկայի ձևավորմանը», - նշել է «Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

«Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը հնարավոր է միայն ամուր գործընկերությունների և երկարաժամկետ համագործակցության շնորհիվ։ «Կուբ Ինվեսթ»-ը 2022-ից ի վեր եղել է AMX-ի կարևոր գործընկերներից մեկը: «Excellence in Partnership» մրցանակը մեր գնահատանքի արտահայտությունն է այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստանի ֆինանսական համակարգի և կապիտալի շուկայի կայուն առաջընթացին», - նշել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Միջոցառումը համախմբել էր կապիտալի շուկայի առաջատար ներկայացուցիչներին, միջազգային և տարածաշրջանային ֆոնդային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարներին, կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ինստիտուցիոնալ ներդրողներին, ֆինանսական կազմակերպություններին և ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կապիտալի շուկաների զարգացումը, միջազգային համագործակցության հնարավորությունները և Հայաստանի ֆինանսական շուկայի ապագա հեռանկարները։

Հատկանշական է, «Կուբ Ինվեսթ»-ը առաջին անգամ չէ արժանանում գնահատանքի Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից։ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում ընկերությունն արժանացել էր «Բորսայի լավագույն համագործակցող անդամ» մրցանակին՝ ի գնահատանք կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված ակտիվ գործունեության և արդյունավետ համագործակցության։

2022 թվականից «Կուբ Ինվեսթ»-ը հանդիսանում է Հայաստանի ֆոնդայի բորսայի անդամ: Համագործակցության ընթացքում «Կուբ Ինվեսթ»-ը շարունակաբար ընդլայնել է ներդրումային ծառայությունների հասանելիությունը՝ նպաստելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաների նկատմամբ հետաքրքրության աճին։ Ընկերությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ներդրումային մշակույթի զարգացման, կապիտալի շուկայի հանրայնացման և նոր ներդրողների ներգրավման գործընթացներում։

«Excellence in Partnership» մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է «Կուբ Ինվեսթ»-ի և AMX-ի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը և հաստատում ընկերության նպատակը՝ շարունակելու նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի կայուն զարգացմանն ու ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը։

«Կուբ Ինվեսթ»-ը հիմնադրվել է 2017 թվականին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն։ Ընկերությունն առաջարկում է բրոքերային, արժեթղթերի տեղաբաշխման, պահառության և այլ ներդրումային ծառայություններ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

Վերջին տարիներին «Կուբ Ինվեսթ»-ը գրանցել է մի շարք նշանակալի ձեռքբերումներ՝ դառնալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ, անդամակցելով «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային, ինչպես նաև Եվրոպայի ֆինանսական շուկաների ասոցիացիային (AFME)։ Ընկերությունը ստացել է ISO 27001:2022 տեղեկատվական անվտանգության միջազգային հավաստագիրը, միացել է Tabadul տարածաշրջանային առևտրային հարթակին, իսկ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է ընկերության վարկանիշային հեռանկարը «կայուն»-ից «դրական»՝ վերահաստատելով երկարաժամկետ դեֆոլտի «B-» և կարճաժամկետ «B» վարկանիշները։

Source: https://news.am/hy/news/1040309