ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, որը զբաղեցնում է երկրի ղեկավարությունում բարձր պաշտոն, ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման պահանջներն անվանել է «անախրոնիկ երազանք» և հայտարարել, որ Փհենյանը հետևողականորեն կընդլայնի իր միջուկային զինանոցը՝ ի պատասխան Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից հնչող սպառնալիքների, փոխանցում է Associated Press-ը։
Իր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի՝ որպես միջուկային տերության կարգավիճակը կասկածի տակ դնելու ԱՄՆ-ի փորձերը «իրավական ուժ չունեն» և չեն ճանաչվի Հյուսիսային Կորեայի կողմից։ Նա նաև հերքել է տեղեկությունները, թե իբր ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համաձայնել են Փհենյանի ապամիջուկայնացման համատեղ նպատակին՝ դրանք անվանելով «կեղծ տեղեկատվություն»։
Կիմ Յո Ջոնգը հայտարարել է, որ ամերիկացի որոշ պաշտոնյաներ շարունակում են ապրել «պատրանքների և հնացած պատկերացումների» մեջ՝ փորձելով վերադարձնել ճնշման այն քաղաքականությունը, որն արդեն չի գործում։
Հայտարարությունները հնչել են Փհենյանի ռազմական ակտիվության ուժեղացման ֆոնին։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը ավելի վաղ հայտարարել էր միջուկային ուժերը «էքսպոնենցիալ տեմպերով» մեծացնելու և հնգամյա ծրագրի շրջանակում հրթիռների արտադրությունն ընդլայնելու ծրագրերի մասին։
Հյուսիսկորեական պետական լրատվամիջոցների տվյալներով, Կիմ Չեն Ընը նաև այցելել է զենքի գործարան և հանձնարարել հրթիռային սպառազինության արտադրական հզորությունները մեծացնել 2,5 անգամ։
Source: https://news.am/hy/news/1041519