«Կարծում եմ՝ խորհրդարան կմտնենք, որովհետև քաղաքացիների հետ շփումներն ու սոցհարցումները փաստում են դա։ Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի»։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի Շնորհապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Մերի Աբելյանը՝ ամփոփելով կուսակցութան քարոզարշավի արդյունքները։
«Մեր քարոզարշավը շատ հանգիստ է անցել, ընթացքում որևէ խոչընդոտ չենք ունեցել։ Մարզային այցելությունների, ինչպես նաև Երևանում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ հետաքրքիր էր, թե ինչպես են մարդիկ դիմավորում մեզ, ինչ քաղաքական կողմնորոշվածություն ունեն։ Մեզ շատ դրական են դիմավորել քաղաքացիները»,–նշեց Մերի Աբելյանը։
Մերի Աբելյանը նշեց, որ ամփոփոիչ հանրահավաք չեն նախատեսնում իրականացնել, այսօր քարոզարշավը շարունակելու են Երևանի կենտրոն վարչական շրջանում։
Պատգամավորի թեկնածուի գնահատմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում կարձանագրվեն ընտրախախտումների դեպքեր։
«Կարծում եմ՝ խախտումներ կլինեն, առանց դրա հնարավոր չէ։ Մենք բոլորս պետք է ուշադիր հետևենք ամեն ինչին, որ արձանագրենք խախտումները և այնպես անենք, որ յուրաքանչյուր քվեն ծառայի իր նպատակին»,–հավելեց Մարի Աբելյանը։
Նշենք, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է։ Ընտրական ցուցակը կազմված է 84 թեկնածուներից։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավը կավարտվի վաղը՝ հունիսի 5-ին։
Source: https://news.am/hy/news/1040823