ՀՀ կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի։ Այս մասին հունիսի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը չի հստակեցրել, թե հատկապես ինչ փոփոխություններ են սպասվում՝ միայն նշելով, որ «ՔՊ»-ն միանձնյա կձևավորի կառավարությունը, սակայն իշխող ուժը չի հրաժարվի համագործակցության առաջարկներից։
Վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանում նախկինում չեն եղել այնպիսի ընտրական գործընթացներ, որոնց ժամանակ երկրի ղեկավարն այդքան շատ շրջեր ու շփվեր ընտրողների հետ։ «Եթե հույսներս դնեինք վարչական ռեսուրսի վրա, ապա ա՞յդքան էներգիա վատնելն ինչ իմաստ ուներ։ Ես հույսս դնում եմ Հայաստանի քաղաքացու վրա և երկխոսություն եմ վարում նրա հետ։ Այլ գործիքներ չկան, չեն եղել ու չեն լինելու»,- վստահեցրել է Փաշինյանը։ Նա նաև հայտարարել է, որ հանրային պահանջ կա՝ բնակության վայրին (նկատի ունի մշտական բնակությունը) համապատասխան քվեարկության ցենզ սահմանելու համար և այդ պահանջին պետք է արձագանք լինի։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է անցած ընտրություններին ՌԴ-ում բնակվող Հայաստանի քաղաքացիների ենթադրյալ քվեարկությանը։ Հիշեցնենք նաև, որ հենց այս նույն քաղաքացիներն են 2018 թվականին ակտիվորեն աջակցել Փաշինյանին։
Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պաշտոնական տվյալներից առաջ «ՔՊ»-ի հաղթանակը հայտարարելու վերաբերյալ քննադատությանը՝ Փաշինյանը նշել է, որ հիմնվել է սոցհարցումների և այդ պահին մի շարք տեղամասերից արդեն ստացված արդյունքների վրա։
Սահմանադրական հանրաքվեի ճակատագրին վերաբերող հարցին ի պատասխան՝ վարչապետը հայտնեց, որ թեման ենթակա է քննարկման, և համապատասխան որոշումը կկայացվի ավելի ուշ։
Source: https://news.am/hy/news/1042827