Իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածի հետևանքով Քուվեյթի միջազգային օդանավակայանում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է էմիրության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է բալիստիկ հրթիռներով ու անօդաչուներով Իրանի շարունակական ու դաժան հարձակումները։ Այսօր լուսաբացին իրականացված հերթական հարվածը կրկին թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանը, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել»,- նշված է հայտարարության մեջ։ Կան նաև մի քանի վիրավորներ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ և դիվանագիտական ներկայացուցչություններ։
Ավելի վաղ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ միջազգային օդանավակայանի T1 ուղևորային տերմինալը ենթարկվել է Իրանից արձակված հրթիռների և ԱԹՍ-ների հարձակման։ Միջադեպի պատճառով իշխանությունները որոշել են դադարեցնել բոլոր թռիչքները, իսկ ազգային ավիափոխադրող «Kuwait Airways»-ը չեղարկել է չվերթները մինչև հատուկ կարգադրությունը։ Չորեքշաբթի գիշերը Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկրի օդային տարածքում հաջողությամբ հետ է մղել հակառակորդի հարձակումները։
Source: https://news.am/hy/news/1040548