Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում դանակով աղմկահարույց հարձակումից հետո բռնկված հակամիգրացիոն բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների։ Տեղի են ունեցել նաև հրկիզումներ և բախումներ, հաղորդում է The Guardian-ը։
Այնտեղ հստակեցրել են, որ զանգվածային անկարգությունները բռնկվել են դանակահարությունից հետո, որի մեջ կասկածվում է 30-ամյա մի սուդանցի։ Միջադեպի տեսանյութն արագորեն տարածվել է սոցցանցերում՝ հանգեցնելով հակամիգրացիոն բողոքի ցույցերի ալիքի, որի կոչն արել էին ծայրահեղ աջակողմյան ակտիվիստները։
Երեքշաբթի երեկոյան՝ հունիսի 9-ին, Բելֆաստում և դրա արվարձաններում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների ու բախումների։ Ցուցարարները հրկիզել են աղբամաններ, մեքենաներ, ավտոբուսներ ու տներ, ինչպես նաև փակել ճանապարհները։ Որոշ թաղամասերում գործել են դիմակավորված ու բալակլավաներով տղամարդկանց խմբեր, որոնք հրավառություններ են արել և հրկիզումներ առաջացրել։
Ոստիկանությունն ու տեղական իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հանդարտություն պահպանել և չտրվել համացանցային սադրանքներին։ Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Միշել Օ'Նիլը խստորեն դատապարտել է բռնությունը՝ հայտարարելով, որ հարձակվողները օգտագործում են ողբերգությունը՝ ատելություն բորբոքելու և մարդկանց վախեցնելու համար։
Ըստ քննության տվյալների՝ հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 8-ին, Բելֆաստի հյուսիսում գտնվող բնակելի համալիրներից մեկի մոտ։ Տուժած տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել դեմքի, աչքերի և թիկունքի շրջանում։ Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, դանակի ապօրինի կրման և սպանության սպառնալիքների հոդվածներով։
Ոստիկանությունից ընդգծել են, որ, ունեցած տվյալների համաձայն, կասկածյալը Միացյալ Թագավորությունում մնալու թույլտվություն է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 28-ից։ Իրավապահները նաև հավելել են, որ նա, ամենայն հավանականությամբ, Սուդանից մեկնել է Փարիզ, իսկ այնտեղից թռել Դուբլին, սակայն այս տեղաշարժերի հստակ ժամկետներն անհայտ են։
Կասկածյալը Դուբլինից Բելֆաստ է հասել ավտոբուսով՝ 2023 թվականի փետրվարի 10-ին, և ապաստան ստանալու հայտ ներկայացրել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նրա տվյալները չեն եղել ազգային անվտանգության ոչ մի տվյալների բազայում, և նա նախկինում հայտնի չի եղել Հյուսիսային Իռլանդիայի իրավապահներին։ Բացի այդ, հակաահաբեկչական ծառայությունների ղեկավարության հետ խորհրդակցություններից հետո, իրավապահները հայտարարել են, որ այս պահին հիմքեր չկան միջադեպը ահաբեկչության հետ կապելու համար։
Source: https://news.am/hy/news/1042511