Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ։

«Խորին վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին լուրերը։ Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես հասարակ «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակը վիրավորելու փորձի մասին է», — նշված է Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, դեսպանատունն ընդգծում է, որ կատարվածը խիստ բացասական արձագանք է ստացել Գյումրու քաղաքային իշխանությունների և հանրության կողմից։ Դիվանագիտական առաքելությունը նաև հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները հստակ գնահատական կտան միջադեպին, ինչպես նաև սպառիչ միջոցներ կձեռնարկեն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նմանատիպ սադրանքները կանխելու համար։

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին, բացվել է 1975 թվականի մայիսի 9-ին։ Այն կառուցվել է ի հիշատակ մարտական գործողություններին մասնակցած քաղաքի բնակիչների։ Հուշարձանը բաղկացած է 21 մետր բարձրությամբ տուֆե պատվանդանից և 20 մետր բարձրություն ունեցող կռած պղնձից պատրաստված արձանից։ Արձանը պատկերում է երիտասարդ աղջկա, ով մի ձեռքում պահում է Զվարթնոց տաճարի խոյակը՝ որպես խաղաղության և հայկական ճարտարապետության խորհրդանիշ, իսկ մյուսում՝ արմավենու ճյուղ։ Հուշահամալիրի ներքևի մասում գտնվում է Անհայտ զինվորի գերեզմանը՝ Անմար կրակով։

Source: https://news.am/hy/news/1042824