Այս րոպեներին Հայաստանի ողջ տարածքում բացվում են ընտրական տեղամասերը, և մեկնարկում է համապետական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը որակում են որպես ճակատագրական։ Քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքից կարող են օգտվել մինչև Երևանի ժամանակով 20:00-ն։ Երկրի սահմաններից դուրս քվեարկություն չի նախատեսվում։
Ժամը 12:00-ից սկսած՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) յուրաքանչյուր 3 ժամը մեկ կհրապարակի մասնակցության վերաբերյալ տվյալները (մեկ ժամվա ուշացմամբ. այսինքն՝ կեսօրին հայտնի կլինի, թե քանի քաղաքացի է քվեարկել ժամը 11:00-ի դրությամբ, և այդպես շարունակ): Սպասվում է, որ մոտավորապես ժամը 23:00-ին ԿԸՀ-ն կսկսի հրապարակել ամենափոքր ու հեռավոր գյուղական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնք, սակայն, չեն կարող արտացոլել ընդհանուր պատկերը: Հաշվի առնելով նախորդ տարիների բազմամյա փորձը՝ կարելի է փաստել, որ երկրի վարչապետին ընտրելու համար ձևավորված նոր խորհրդարանի քաղաքական ուժերի հարաբերակցությունը քիչ թե շատ պարզ կդառնա գիշերը ժամը 02:00-03:00-ի սահմաններում: Հենց այդ ժամանակ կսկսեն ստացվել խոշոր քաղաքների, այդ թվում՝ ընտրողների մեկ երրորդն ունեցող մայրաքաղաք Երևանի տվյալները: Ձայների էլեկտրոնային հաշվարկը կավարտվի հունիսի 8-ի առավոտյան ժամը 08:00-ին:
Հայաստանի խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Կուսակցությունների համար խորհրդարան անցնելու անցողիկ շեմը սահմանված է 4%, իսկ դաշինքների համար՝ 8%։ Հատկանշական է, որ ընտրությունների վերջնական արդյունքները հաշվարկելիս անվավեր և միտումնավոր փչացված քվեաթերթիկները պարզապես դուրս են թողնվում և հաշվի չեն առնվում: Կուսակցությունների ստացած տոկոսները որոշվում են բացառապես վավեր քվեաթերթիկների ընդհանուր քանակի հիման վրա:
Source: https://news.am/hy/news/1040493