Հայաստանին չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամությունից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 7–ին, քվեարկությունից հետո նա այդ մասին ասաց լրագրողներից հետ զրույցում։
«ՀՀ-ին չեն կարող հանել ԵԱՏՄ–ից, այնտեղ որոշումները լինում են կոնսենսուսով»,– նշեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և մյուս անդամ երկրները ունեն նաև վետոյի իրավունք։
«Ինչ վերաբերում է «ԵԱՏՄ, թե ԵՄ» հանրաքվե անցկացնելուն, ապա դրա համար պետք է լինի հանրաքվեի առարկա, իսկ այդ առարկայի համար Հայաստանն առնվազն պետք է պաշտոնապես դիմած լինի ԵՄ անդամ դառնալու համար կամ պետք է ունենա ԵՄ անդամ դառնալու կարգավիճակ։ Այս պահին երկուսն էլ դեռ չկա, քանի որ մենք օբյեկտիվորեն դրան պատրաստ չենք հիմա։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ձևի համար դիմում։ Աղմուկ–աղաղակ անելու համա՞ր։ Մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը, ինչպես նաև ԵՄ մեր գործընկերների գնահատականը կլինի»,– ընդգծեց նա։
Փաշինյանի համոզմամբ` ԵԱՏՄ գործընկերները տակտիկական առումով մի փոքր ճիշտ չեն մոտենում հարցին, և ԵԱՏՄ ընկալումը մեր երկրում բարձրացնելու փոխարեն ամեն ինչ անում են, որ այդ ընկալումը Հայաստանում իջնի։
Այն հարցին, թե արդյոք ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում հարցականի տակ կդրվեն նաև Չինաստանի հետ հարաբերությունները, Փաշինյանը հիշեցրեց, որ անցած տարի Հայաստանը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել, և ընտրությունների արդյունքներով այդ հարաբերությունները չեն փոխվի բացասական ենթատեքստով։
«Ես վստահ եմ, որ ռազմավարական գործընկերությունը կշարունակվի նաև ապագայում։ Երկու երկրներն էլ այդ հարցում հետաքրքրված են հատկապես TRIPP–ի շրջանակում»,– վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ կողմից կիրառվող սանկցիաներին հայկական գյուղմթերքի հետ կապված, Փաշինյանն ասաց, որ նման խնդիրներ միշտ էլ լինում են, սակայն ՀՀ–ում գործող որոշ ուժեր փորձում են այդ հարցերը սրել։
«ԵԱՏՄ–ում այս կարգի աշխատանքային հարցեր միշտ լինում են։ ԵԱՏՄ օրակարգում նման հարցեր լինում են, որոնք միշտ քննարկում ենք` ֆիտոսանիտարական հարցեր, ստանդարտներ, արտահանումներ, ապրանքների ծագում։ ԵԱՏՄ անդամ երկրները, ընդհակառակը, անհանգստացած են, որ հանկարծ 3–րդ երկրներից ապրանքներ չներկրվեն միության տարածք, դառնան «ԵԱՏՄ ապրանք» և վերարտահանվեն ԵԱՏՄ այլ երկիր»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Source: https://news.am/hy/news/1041535