Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի պատգամավորները վերջին ամիսներին արգելափակել կամ վերանայել են ավելի քան 1 մլրդ եվրո ընդհանուր գումարի պաշտպանական պայմանագրեր՝ խստացնելով վերահսկողությունը Գերմանիայի ռազմական գնումների նկատմամբ, հաղորդել է բրիտանական Financial Times (FT) թերթը։

Թերթի տվյալներով՝ իշխող կոալիցիան ներկայացնող Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Անդրեաս Մաթտֆելդտը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Անդրեաս Շվարցը հունվարին արգելափակել են 600 մլն եվրո արժողությամբ պայմանագիր՝ առանց մրցույթի շարժական հետախուզական համակարգի մատակարարման համար, իսկ փետրվարին՝ 462 մլն եվրոյի ուղիղ պայմանագիր՝ նավերն անօդաչու սարքերից պաշտպանելու լազերային համակարգ ստեղծելու համար։ Բացի այդ, պատգամավորները պահանջել են սահմանափակել հարվածային անօդաչու սարքերի գնման մի շարք պայմանագրերի արժեքը և դադարեցրել են Բունդեսվերի համար դիզելային կոնտեյներների գնումն այն բանից հետո, երբ բացահայտվել է դրանց գնի չարդարացված աճը։

Ինչպես նշել է FT-ն, խորհրդարանականների ակտիվությունը դժգոհություն է առաջացնում պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների մի մասի շրջանում, որոնք կարծում են, որ լրացուցիչ վերահսկողությունը դանդաղեցնում է Գերմանիայի զինված ուժերի արդիականացումը։

Source: https://news.am/hy/news/1041077