Ֆրանսիան տնօրինում է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիական և արդյունաբերական կարողությունները՝ մինչև 2040 թվականը վեցերորդ սերնդի կործանիչ մշակելու համար, նույնիսկ եթե FCAS (Future Combat Air System) ծրագրի շրջանակներում Գերմանիայի հետ համատեղ նախագիծը ձախողվի։ Դրա մասին Ազգային ժողովում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։
Ըստ նրա՝ ֆրանսիական Dassault, Safran և Thales ընկերությունները ձևավորում են Եվրոպայում եզակի արդյունաբերական էկոհամակարգ, որն ընդունակ է ինքնուրույն իրականացնելու նման նախագիծ։
«Այս պահին դա Եվրոպայում միակ թիմն է, որն ի վիճակի է լիովին ինքնուրույն կործանիչ արտադրելու»,- նշել է նախարարը։
Վոտրենը հիշեցրել է, որ հարակից տեխնոլոգիաների մշակման համար վերջին ութ տարում արդեն իսկ հատկացվել է մոտ 2,5 միլիարդ եվրո, և վստահություն է հայտնել, որ այդ ներդրումները թույլ կտան նախագիծն ավարտին հասցնել մինչև 2040 թվականը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համակարգերի փոխգործունակության հարցերում դաշնակիցների հետ համագործակցությունը կարող է պահպանվել։
Ավելի վաղ հաղորդվել էր ֆրանս-գերմանական FCAS նախագծի իրականացման դժվարությունների մասին՝ արդյունաբերական գործընկերներ Dassault-ի և Airbus-ի տարաձայնությունների պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Բեռլինն ու Փարիզը քննարկել են ծրագրի վերանայման կամ դադարեցման հնարավորությունը, որը պետք է հիմք լիներ գոյություն ունեցող Eurofighter և Rafale կործանիչների փոխարինման համար։
Source: https://news.am/hy/news/1042620