Ferrari-ի պատվիրակությունը՝ տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Էլկանի և գլխավոր տնօրեն Բենեդետո Վինյայի գլխավորությամբ, ինչպես նաև ընկերության այլ ղեկավարներ ու ինժեներներ, այցելել են Կաստել Գանդոլֆոյում գտնվող Հռոմի Պապ Լևոն XIV-ի նստավայր։ Այնտեղ նրանք պոնտիֆիկոսին են ներկայացրել ապրանքանիշի նոր Luce հիպեր-էլեկտրամոբիլը։ Այս մասին հայտնել է իտալական ընկերության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Ջոն Էկլանը Հռոմի Պապին է նվիրել Ferrari Luce-ի ղեկը։ Նախքան վարորդի նստատեղին նստելը՝ Լևոն XIV-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Luce-ն իսկապես ապրանքանիշի առաջին չորսդռնանի սպորտային մեքենան է։ Էլկանն ի պատասխան հստակեցրել է, որ սա Ferrari-ի առաջին հինգտեղանի ավտոմեքենան է։

Ferrari Luce-ն, որն ապրանքանիշի պատմության մեջ առաջին էլեկտրամոբիլն է, պաշտոնապես բացահայտվել էր նախօրեին։ Դրա դիզայնով զբաղվել է LoveFrom ստուդիան, որը հիմնադրել են Apple-ի նախկին աշխատակիցներ Ջոնի Այվն ու Մարկ Նյուսոնը։ Էլեկտրամոբիլն ունի չորս էլեկտրական շարժիչ, որոնք ընդհանուր առմամբ զարգացնում են 1050 ձիաուժ հզորություն։ Նորույթը 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 2,5 վայրկյանում, իսկ մինչև 200 կմ/ժ-ը՝ 6,8 վայրկյանում։

Source: https://news.am/hy/news/1038807