Ավստրալիայի կառավարությունը 5 միլիոն ավստրալիական դոլար (շուրջ 3,2 միլիոն ԱՄՆ դոլար) կհատկացնի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլա տենդի բռնկման դեմ պայքարին աջակցելու համար։ Այս մասին ասված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ այդ միջոցները կփոխանցվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով։ «Այս ֆինանսավորումը թույլ կտա ապահովել դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումը, աջակցել սանիտարական ծառայություններին, իրականացնել հիվանդության տարածման մոնիթորինգ և հզորացնել տեղի առողջապահական համակարգերը»,- նշել է նախարարը։

Վոնգի խոսքով՝ ախտորոշման սահմանափակ հնարավորությունները դեռևս թույլ չեն տալիս լիարժեքորեն գնահատել վարակի տարածման իրական մասշտաբները։ «Մենք աջակցում ենք համաճարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բժշկական ծառայություններին ու տեղի համայնքներին՝ Էբոլա վիրուսի հետագա տարածումը կանխելու համար»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ավստրալիայի կառավարությունը կշարունակի ֆինանսավորել վիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը «Համաճարակներին պատրաստվածության ապահովման նորարարությունների կոալիցիայի» (CEPI) միջոցով։

Սա ԿԴՀ-ում Էբոլայի արդեն 17-րդ բռնկումն է, որն սկսվել է մայիսի 15-ին։ Դրա էպիկենտրոնը Իտուրի նահանգն է։ Կոնգոյի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդությունից մահվան հաստատված դեպքերի թիվը հասել է 60-ի, իսկ վարակվածների պաշտոնական թիվը 344-ի։ Էբոլայով վարակվածներ են հայտնաբերվել նաև Իտուրիին սահմանակից Ուգանդայում։

Source: https://news.am/hy/news/1040817