Ավիաընկերություններն այս տարի ակնկալում են ուղևորների թվի աճ, սակայն նրանց շահույթը մոտ երկու անգամ կնվազի 2025 թվականի համեմատ՝ վառելիքի բարձր գների ֆոնին, որոնք, այնուամենայնիվ, էական զսպող ազդեցություն չեն ունենում ավիափոխադրումների պահանջարկի վրա, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով հրապարակված կանխատեսման տվյալներին։
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) կանխատեսում է, որ կազմակերպության անդամ 370 ավիաընկերությունները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ավիահոսքի մոտ 85%-ը, այս տարի կտեղափոխեն 5,1 միլիարդ ուղևոր։
Սա 2,4%-ով ավելի է, քան 2025 թվականին, երբ ուղևորահոսքը գնահատվում էր 4,98 միլիարդ։ 4 միլիարդ ուղևորի շեմը հաղթահարվել էր 2023 թվականին։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցության մասին՝ 2020–2021 թվականների COVID-19 համավարակի համեմատությամբ, IATA-ի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը հայտարարել է. «Ես սա որպես ճգնաժամ չեմ դիտարկում»։
Նա հավելել է. «Դուք տեսնում եք ոլորտ, որը կանխատեսում է աճ։ Եթե բացառենք Մերձավոր Արևելքի ազդեցությունը, ապա խոսքը 3,5% աճի մասին է»։
Միաժամանակ ուղևորահոսքի աճը ուղեկցվում է շահութաբերության նվազմամբ. ակնկալվում է, որ ոլորտի համախառն շահույթը նախորդ տարվա համեմատ մոտ երկու անգամ կնվազի, իսկ Մերձավոր Արևելքի ավիաընկերությունների համար կանխատեսվում են վնասներ։
«Մերձավոր Արևելքում ռազմական իրադարձությունները և վառելիքի գների աճը վատթարացրել են ավիաընկերությունների կանխատեսումը», — ասվում է Ուոլշի հայտարարության մեջ։
Ըստ նրա, ոլորտի շահույթը 2025 թվականի 45 միլիարդ դոլարից ընթացիկ տարում կնվազի մինչև 23 միլիարդ դոլար, իսկ մարժան՝ 4,2%-ից մինչև 2,0%։
«Վերահաշվարկով սա նշանակում է մոտ 4,5 դոլար զուտ շահույթ մեկ ուղևորի հաշվով. սա երկու անգամ պակաս է, քան 2025 թվականին», — նշել է նա։
«Նման պայմաններում սա ցույց է տալիս ոլորտի կայունությունը։ Բայց սա նույնիսկ չի բավականացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրերի մեծ մասում մեկ հոթ-դոգ գնելու համար, և դա մեծ պաշար չի թողնում ծախսերի կամ հարկերի աճի դեպքում», - հավելել է նա։
IATA-ի գնահատմամբ, կազմակերպության անդամ ավիաընկերությունների հասույթը կաճի 9%-ով և կհասնի 1,165 տրիլիոն դոլարի, սակայն վառելիքի ծախսերի աճը մասամբ կչեզոքացնի այդ ազդեցությունը։
Կազմակերպությունում նշել են, որ ավիաընկերությունները կրում են «վառելիքային շոկի» հիմնական բեռը, և թեև սակագները բարձրանում են, փոխադրողները ստիպված են իրենց վրա վերցնել ավելացած ծախսերի մի մասը։
Շահութաբերության ցուցանիշները կտարբերվեն ըստ տարածաշրջանների։ Կանխատեսման համաձայն, եվրոպական ավիաընկերությունները կլինեն ամենաշահութաբերները (մարժա՝ 3,1%), նրանց կհետևեն Հյուսիսային Ամերիկան (2,5%) և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (2,1%)։
Չնայած աշխարհաքաղաքական անորոշությանը և պատերազմի տևողությունը ճշգրիտ գնահատելու անհնարինությանը՝ IATA-ն պահանջարկի անկում չի ակնկալում՝ նշելով, որ վերջին 10 տարիների ընթացքում ավիատոմսերի միջին արժեքը նվազել է 26%-ով։
Source: https://news.am/hy/news/1041805