Մեծ ցավով հայտնում եմ, որ տանում են մեր չորս համակարգիչները, ստացվում է մենք բացարձակ այլևս չենք կարող աշխատել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Արմատ մեդիա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր նելլի Ավետիսյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԱԱԾ–ի և ՔԿ–ի աշխատակիցները առավոտյաան եկել և քննչական գործողություններ են իրականացնում իրենց խմբագրությունում։
«Դրանք մոնտաժային համակարգիչներ են, այսինքն մենք կտրվում ենք ուղիղ եթերի հնարավորությունից, տաղավարային հաղորդումների հնարավորությունից, մենք կտրվում ենք յուրաքանչյուր տիպի բովանդակություն ստեղծելու հնարավորությունից։ Մեր չորս մոնտաժային համակարգիչները և նոթբուքերը այլևս արդեն մոտ չեն։ Փաստորեն պրոֆեսիոնալ լրագրությամբ մենք չենք կարող զբաղվել։ Մեզ ասացին, որ ամբողջ տեխնիկան պետք է տանեն։։
Ես հուսով եմ՝ ընտրությունների արդյունքից ելնելով այդ համակարգիչները մեզ կհասնեն ավելի շուտ, քանի որ տեղի կունենա փոփոխություն, հակառակ դեպքում չգիտեմ արդեն երբ կվերադարձվեն։
Այսպես միայն խոչընդոտվում է մեդիայի աշխատանքը, «Արմատ մեդիայի» աշխատանքները պարալիզացվում են։ Ընտրությունների օրը առանց տեխնիկայի ոչինչ հնարավոր չէ անել,. ստացվում է, որ մեր հետևորդները մեզ չեն կարող տեսնել: Սա միայն մեդիայի աշխատանքի խոչընդոտում է, ուրիշ բան չկա։
Սա քաղաքական է, չի կարող մոնտաժողի համակարգչում լինել Ալիկ Ալեքսանյանին վերաբերելի ինչ-որ նյութ, այնտեղ նկարահանումներ են, որոնցով մենք կարող էինք մեր ռեպորտաժները պատրաստել։ Այնտեղ մեր արխիվն է, նաև նախապես նկարահանված տեսանյութերը, ռեպորտաժները, որոնք պետք է եթեր գնային ամսի 8-ին»,–ասաց գլխավոր խմբագիրը։
Նա նաև հարց հնչեցրեց, թե ո՞ւր են միջազգային դիտորդները, լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները. «Կաշկանդվա՞ծ են, ունեն քաղաքական կաշկանդվածությո՞ւն, իշխանությունից կախվածությո՞ւն։ Ես կարծում եմ որ սա մեծ հետաքննության առիթ է և շնորհակալ կլինեմ որ դուք ձեր պրոֆեսիոնալիզմով կարողանաք մեզ օգնել և բացահայտել, թե ու՞ր են դիտորդները, ու՞ր են միջազգային հանրությունը, ու՞ր են դեսպանները»։
«Արմատ մեդիայի» խմբագիրներից Աղավնի Սուքիասյանն էլ ասաց, որ հենց հիմա առգրավում են մոնտաժային համակարգիչները, որոնցով պատրաստվում են հաղորդումները. «Այդ հաղորդումները ինչ կապ ունեն այդ քրեական գործի հետ, դա չեմ կարող ասել։ Իրենք հանում են կրիչները, և այդ համակարգիչները կնքվում են, որ այստեղից հեռացվեն։ Կնքվելու են «Արմատ մեդիայի» սենյակները և կնքված կմնան այնքան ժամանակ, մինչև որոշում կկայացվի դրանք բացել։ Այսինքն տոտալ պարալիզացում, չեն լինի, հաղորդումներ, չեն լինի ուղիղ եթերներ, ոչինչ չի լինի։ Հենց հիմա կոնկրետ իրենք կնքում են մի համակարգիչ, որտեղ կա նախապես նկարահանված հաղորդում, որը եթեր պետք է գնար ու փաստորեն մենք այդ հաղորդումը չենք կարողանա մոնտաժել և եթեր տալ։ Փաստացի փակում են «Արմատ մեդիան»։ Այս պահին փակված վիճակում է, երեք սենյակներն էլ կնքվում են, մենք չենք կարողանալու մուտք գործել»։
Նշենք, որ առավոտյան ԱԱԾ–ի և ՔԿ–ի աշխատակիցները մտել են «Արմատ Մեդիա» լրատվական գործակալության խմբագրություն և քննչական գործողություններ են իրականացնում։ Նրանք առգրավել են աշխատակիցների հեռախոսները։
Նշենք, որ «Արմատ մեդիայի» սեփականատերը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանն է, ով այս պահին կալանավորված է։
Source: https://news.am/hy/news/1041185