ԱՄՆ զինված ուժերը հայտնել են իրանական երկու հարվածային անօդաչու սարքի ոչնչացման մասին, որոնք, նրանց պնդմամբ, վտանգ էին ներկայացնում միջազգային նավագնացության համար Հորմուզի նեղուցում՝ նավթի և գազի փոխադրման աշխարհի կարևորագույն ուղիներից մեկում։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) X սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերը որսացել և ոչնչացրել են իրանական երկու կամիկաձե անօդաչու սարք, որոնք ուղևորվում էին դեպի նեղուցի շրջան։
«Ամերիկյան ուժերը շարունակում են մնալ լիակատար պատրաստվածության մեջ և կշարունակեն պաշտպանվել իրանական ագրեսիայից», — հայտարարել են հրամանատարությունում։
Սա վերջին օրերին նմանատիպ առաջին միջադեպը չէ։ CENTCOM-ի տվյալներով, ուրբաթ ուշ երեկոյան ամերիկացի զինվորականները խոցել են ևս չորս իրանական հարվածային անօդաչու սարք, որոնք նույնպես շարժվում էին դեպի Հորմուզի նեղուց։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի առափնյա ռադիոլոկացիոն օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ծովային իրավիճակի վերահսկման համար։
Հարվածների նոր փոխանակումը տեղի է ունենում տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Շաբաթ օրը Իրանը նաև հրթիռներ է արձակել Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցների՝ Բահրեյնի և Քուվեյթի ուղղությամբ։
Source: https://news.am/hy/news/1041474