ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) նոր սահմանափակումներ է մտցրել «Տնտեսական ցասում» (Economic Rage) արշավի շրջանակում, որն ուղղված է էներգակիրների առևտրից Թեհրանի եկամուտների կրճատմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա հասանելիության արգելափակմանը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցների տակ է հայտնվել ֆիզիկական անձանց և ընկերությունների միջազգային ցանց, որը իրանական հեղուկացված գազը մատակարարում էր Հարավային և Արևելյան Ասիա՝ այն միտումնավոր քողարկելով որպես օմանական։ Ամերիկյան արգելքները շրջանցելու և միլիոնավոր բարել վառելիք իրացնելու համար օգտագործվել են թաքնված բանկային հաշիվներ և կեղծ ֆիրմաներ ԱՄԷ-ում և Չինաստանում։ Սխեմայի կազմակերպիչներ են նշվել Աֆղանստանի քաղաքացի Սարբազ Աբդուլ Զադան և Թուրքիայի քաղաքացի Մոհամմադ Շակոլ Միհանդուստը։ Սև ցուցակում են ներառվել նրանց առնչվող էմիրաթական Butani Trading, Dundlod Trading, ADH Energy, Sahel Star և չինական Shanghai Qianye Energy ընկերությունները։ Բացի դրանից, արգելափակման են ենթարկվել «ստվերային նավատորմի» վեց գազատար լցանավեր (MD 23, GLENDALE, AMIR GAS, GAS LAGOON, MILE, GAZ GMS) և դրանց անվանական սեփականատերերը, որոնք հումքը հասցնում էին վերջնական սպառողներին, ներառյալ՝ Բանգլադեշ։

Հարվածի երկրորդ ուղղությունը դարձել է իրանական «ստվերային բանկային» համակարգը։ OFAC-ը պատժամիջոցներ է սահմանել ընտանեկան բրոքերային Mehrdad Geramian Nik and Partners Company (Geramian Exchange) ընկերության և դրա ղեկավարներ Մեհրդադ և Ռոմինա Գերամիան Նիկերի նկատմամբ։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս ցանցն օգտագործել է արտասահմանյան օֆշորներ՝ Իրանի խոշոր պատժամիջոցային բանկերի, դրանց թվում՝ Bank Tejarat, Bank Mellat և Bank Pasargad-ի շահերից բխող հարյուր միլիոնավոր դոլարների արտարժութային գործառնություններ իրականացնելու համար։

Ձեռնարկված միջոցների արդյունքում ԱՄՆ իրավասության ներքո գտնվող պատժամիջոցների թիրախների բոլոր ակտիվներն արգելափակվում են, իսկ նրանց հետ ցանկացած գործարք արգելվում է։ Ամերիկյան գերատեսչությունը զգուշացրել է նաև, որ ցանկացած օտարերկրյա ընկերություն, ներառյալ ավիաընկերությունները և միջազգային բանկերը, որոնք կշարունակեն համագործակցությունը նշված անձանց և կառույցների հետ, ռիսկի են դիմում իրենք ևս հայտնվել ԱՄՆ երկրորդային պատժամիջոցների տակ։

Source: https://news.am/hy/news/1041286