Ամերիկյան հարվածների հասցրած վնասի փոխհատուցման հարցը մնացել է այն առանցքային կետը, որի շուրջ Վաշինգտոնն ու Թեհրանը չեն կարողանում համաձայնության գալ կարգավորման շուրջ բանակցություններում։ Այս մասին պնդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում տարաձայնությունների գլխավոր քարը մնացող առանցքային պահերից մեկը դրամական փոխհատուցումն է», — ասված է հրապարակման մեջ։
Ինչպես հեռուստաալիքին հայտնել է անանուն պաշտոնյան, Իրանը միջնորդներին փոխանցել է, որ երկիրը ցանկանում է փոխհատուցումը ստանալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, այլ ոչ թե որոշ ժամանակ անց։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում մտահոգված են, որ հակամարտության կարգավորման վաղ փուլում Իրանի միջոցների մի մասի ապասառեցումը կարող է թուլացնել կամ վերացնել «Թեհրանի վրա Վաշինգտոնի ունեցած ճնշման հիմնական լծակը»։
Ավելին, ինչպես պնդում են հեռուստաալիքի աղբյուրները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հայտարարել է, որ չի ստորագրի մի գործարք, որով Միացյալ Նահանգներն անմիջապես և ուղղակիորեն գումար կտրամադրեն Իրանին։
«Կողմերը քննարկել են նաև Իրանի համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցը, որը միլիարդավոր դոլարներ կհատկացներ վերականգնողական աշխատանքներին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերջնական համաձայնության հասնելուց անմիջապես հետո», — գրում է հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Source: https://news.am/hy/news/1040797