ԱՄՆ Հարկային ծառայության (IRS) իրավապահ մարմինների նախկին աշխատակից Բրենդան Բենֆիլդին Վիրջինիայի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի, հայտնում է Associated Press-ը։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել սեփական կնոջ և բոլորովին անծանոթ մի տղամարդու մանրակրկիտ ծրագրված սպանության մեջ, որին Բենֆիլդն օգտագործել էր որպես «քավության նոխազ»։
Հանցագործության կազմակերպիչը, Բենֆիլդի հետ միասին, եղել է 21-ամյա բրազիլուհի Ջուլիանա Պերես Մագալյայնսը, որն ընտանիքում էր դայակ-կառավարչուհի էր աշխատում։ Նրա և ընտանիքի հոր միջև բուռն սիրավեպ էր սկսվել։ Ինչպես հետագայում դատարանում խոստովանել է ինքը՝ Մագալյայնսը, Բենֆիլդը հայտարարել էր նրա հետ ամուսնանալու ցանկության մասին, սակայն դրա համար նրան անհրաժեշտ էր «ազատվել» կնոջից՝ Քրիստին Բենֆիլդից, որը աշխատում էր որպես մանկական վերակենդանացման բաժանմունքի բուժքույր։ Տղամարդը չէր ցանկանում պաշտոնապես ամուսնալուծվել, քանի որ վախենում էր գույքի բաժանման ժամանակ գումար կորցնելուց և իրենց ընդհանուր 4-ամյա դստեր խնամակալությունից զրկվելուց։
Ծրագիրն իրականացնելու համար սիրահարները մի խորամանկ սխեմա էին մտածել։ Նրանք գրանցվել էին BDSM ծանոթությունների մասնագիտացված կայքում՝ ստեղծելով կեղծ օգտահաշիվ Քրիստին Բենֆիլդի անունից։ Այնտեղ նրանք գտել էին պատահական զոհի՝ Ջոզեֆ Ռայանին, որին խաբեությամբ տարել էին Բենֆիլդների տուն՝ իբր թե դանակների օգտագործմամբ ինտիմ հանդիպման համար։ Սիրահարները ծրագրել էին բեմադրել դաժան հարձակում և սպանել Ռայանին՝ իբր ինքնապաշտպանություն «ագրեսիվ ներխուժողից»։
Սպանության օրը Բենֆիլդը ննջարանում գնդակահարել էր Ռայանին, իսկ հետո Ռայանի բերած դանակով հարվածել էր կնոջը։ Երբ վիրավոր տղամարդը փորձել էր շարժվել, դայակը կատարել էր ստուգողական կրակոցը։ Այդ ամբողջ ընթացքում տանը՝ նկուղային հարկում, գտնվում էր Բենֆիլդների փոքրիկ դուստրը։
Դատավոր Փենի Ազկարատեն Բենֆիլդի գործողություններն անվանել է «բացարձակ չարիք»՝ ընդգծելով նրա սառնասրտությունը, զղջման իսպառ բացակայությունը և այն փաստը, որ նա երեխային զրկել է մորից ու կործանել աղջկա կյանքը։ Սպանության համար սահմանված ցմահ ժամկետին դատավորն ավելացրել է ևս 8 տարի՝ երեխայի կյանքին վտանգ սպառնալու և զենքի ապօրինի օգտագործման համար։
Ինքը՝ Բենֆիլդը, դատական նիստի ժամանակ շարունակել է պնդել իր անմեղությունը՝ հայտարարելով, թե իրոք Ռայանին բռնացրել է կնոջ վրա հարձակվելիս։ Սակայն նրա հանցակիցը գնացել է քննության հետ գործարքի. նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը անզգույշ սպանության մեջ և դատարանում մանրամասն նկարագրել դավադրությունը, ինչի համար ավելի վաղ ստացել էր 10 տարվա ազատազրկում։
Source: https://news.am/hy/news/1041289