ABC News-ը, հղում անելով խմբագրության տրամադրության տակ հայտնված ներքին ծրագրին, հայտնում է, որ ԱՄՆ բանակը սկսել է նախապատրաստվել ներկայումս զինվորական «մահապարտների միջանցքում» գտնվող չորս զինծառայողների նկատմամբ մահապատժի դատավճիռների հնարավոր կատարմանը։
Փետրվարին պատրաստված Operation Resolute Justice («Վճռական արդարադատություն» գործողություն) կոչվող փաստաթղթի համաձայն, բանակային կառույցներին հանձնարարվել է համակարգել գործողությունները Դաշնային բանտերի բյուրոյի հետ՝ դատապարտյալներին Կանզաս նահանգի Ֆորտ Լիվենվորթի ռազմական բանտից Ինդիանա նահանգի Թեր Հոտ քաղաքում գտնվող մահապատժի կատարման դաշնային կենտրոն տեղափոխելու համար։
Եթե նման մահապատիժները հաստատվեն ԱՄՆ նախագահի կողմից, դա կլինի երկրի ռազմական իշխանությունների կողմից մահապատժի կատարման առաջին դեպքը 1961 թվականից ի վեր։ Այն ժամանակ մահապատժի էր ենթարկվել շարքային Ջոն Բենեթը, որը դատապարտվել էր Ավստրիայում 11-ամյա աղջկա բռնաբարության և սպանության փորձի համար։
ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Սինթիա Սմիթն ընդգծել է, որ նման պլանավորումը չի նշանակում մահապատժի վերաբերյալ որոշման ընդունում։ Ըստ նրա, զինվորականները պարբերաբար վարժանքներ և նախապատրաստական միջոցառումներ են անցկացնում տարբեր սցենարների դեպքում, այդ թվում՝ մահապատժի դատավճիռների կատարման համար։
Ամերիկյան օրենսդրության համաձայն, ռազմական դատարաններն իրավունք ունեն նշանակելու մահապատիժ, սակայն դրա կատարման համար անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի անձնական հավանությունը։ Փաստաթղթում նշվում է, որ բոլոր նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտվեն հնարավոր նախագահական որոշումից ոչ ուշ, քան 150 օր անց։
Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում լրատվամիջոցների հետ փոխգործակցությանը և ընթացակարգի հրապարակային լուսաբանման կազմակերպմանը, ներառյալ լրագրողների՝ որպես դատավճիռների կատարման վկաների մասնակցության կարգը։
Մահապատժի թեման կրկին արդիական է դարձել Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Իր երկրորդ նախագահական ժամկետի առաջին օրը նա ստորագրել է հրամանագիր՝ դաշնային մակարդակում մահապատժի ակտիվ կիրառումը վերականգնելու մասին, և Արդարադատության նախարարությանը հանձնարարել է հասնել դրա ավելի լայն կիրառման։
Ի տարբերություն Թրամփի վարչակազմի, Ջո Բայդենի նախագահության օրոք դաշնային մահապատիժները փաստացի կասեցվել էին։ Ավելի վաղ, Բարաք Օբամայի նախագահության ժամանակ, զինվորական կալանավորներից մեկի՝ Դուայթ Լովինգի մահապատժի դատավճիռը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։
Վերջին ամիսներին առանձին ուշադրություն է գրավում նաև Նիդալ Հասանի գործը, որը մահապատժի է դատապարտվել 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմական բազայում իրականացված զանգվածային սպանության համար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 32-ը ստացել են վիրավորումներ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հասնել այս դատավճռի կատարմանը։
Բացի այդ, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը վերջերս հայտարարել է մահապատժի դատավճիռների կատարման ընթացակարգն արագացնելու միջոցների մասին, այդ թվում՝ մահապատժի թույլատրելի մեթոդների ցանկի ընդլայնման, որոնց թվում դիտարկվում է նաև գնդակահարությունը։
Source: https://news.am/hy/news/1041478