Կանադայի, Ավստրալիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը համատեղ հայտարարություն են տարածել, որում խոր մտահոգություն են հայտնել Լիբանանում մարտական գործողությունների սրման կապակցությամբ և աջակցել հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին։ Փաստաթղթի տեքստը զետեղված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական https://www.diplomatie.gouv.fr/en/presse-et-ressources/decouvrir-et-informer/actualites/liban-declaration-commune-sur-la-situation-entre-le-hezbollah-et-israel կայքում։

Ուղերձի հեղինակները հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խստորեն պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։

Հայտարարության մեջ ընդգծվում է աջակցությունը Լիբանանի կառավարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին համապատասխան երկրի ամբողջ տարածքում պետական իշխանության ընդլայնման հարցում, ինչը ենթադրում է լիբանանյան անվտանգության կառույցների ամրապնդում և «Հըզբոլլահ» խմբավորման լիակատար զինաթափում։

Դիվանագետները «Հըզբոլլահից» պահանջել են դադարեցնել հարձակումները Իսրայելի վրա, իսկ իսրայելական կողմից՝ հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կանգնեցնել ռազմական էսկալացիան։

Եզրափակելով՝ նախարարները կողմերին կոչ են արել աջակցել ԱՄՆ-ի և միջազգային գործընկերների հովանու ներքո գործադրվող դիվանագիտական ջանքերին՝ երկարաժամկետ կայունության հասնելու համար։

Փաստաթղթում նշվում է, որ Լիբանանի և Իսրայելի ժողովուրդներն ունեն խաղաղության, անվտանգության և արժանապատվության մեջ ապրելու անօտարելի իրավունք՝ առանց պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքին բախվելու։

Source: https://news.am/hy/news/1041297