Ուկրաինան անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում համաձայնագիր է ստորագրել Լատվիայի հետ. այդ երկրի վարչապետ Անդրիս Կուլբերգսի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հանդիպումը տեղի է ունեցել Տալլինում ընթացող «Ուկրաինա- Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրներ» գագաթնաժողովի շրջանակում։
«Սրանք կոնկրետ քայլեր են՝ ուղղված մեր համատեղ պաշտպանության և համատեղ արտադրության ամրապնդմանը։ Ինչը պակաս կարևոր չէ, դա նշանակում է նաև, որ Ուկրաինայի փորձագիտությունն ու փորձը կօգնեն ամրապնդել մեր գործընկերներին»,- X սոցիալական ցանցի իր հաշվում գրել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի առաջնորդը չի բացահայտել ստորագրված համաձայնագրի կոնկրետ մանրամասներն ու չափանիշները։
Իր կողմից Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը նշել է, որ այս համաձայնագիրը Ռիգային հնարավորություն կտա հասանելիություն ունենալ տեխնոլոգիական բացառիկ նոու-հաուներին և հնարավորություններ կբացի համատեղ արտադրական գծերի գործարկման համար։
«Մեզ անհրաժեշտ է պաշտպանել մեր երկինքը, և ոչ ոք չգիտի, թե ինչպես դա անել ավելի լավ, քան Ուկրաինան»,- Զելենսկու և գագաթնաժողովին մասնակցող այլ առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կուլբերգսը։
Source: https://news.am/hy/news/1042359