Տյուրոս քաղաքի մի քանի քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներ դիմել են միջազգային հանրությանը և լիբանանյան ղեկավարությանը՝ ներառյալ նախագահ Ժոզեֆ Աունին, կոչ անելով հրատապ միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու համար իսրայելական հարձակումները Լիբանանի հարավում գտնվող այս խոշոր նավահանգստային քաղաքի քրիստոնեական թաղամասի վրա։
«Հին քաղաքը Տյուրոսի սիրտն է, և ցանկացած հարձակում դրա վրա կվերածվի համազգային մասշտաբի աղետի»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Հին քաղաքում բնակվում են խաղաղ քաղաքացիներ, ինչպես նաև այնտեղ կենտրոնացված է «դարավոր պատմություն ունեցող մշակութային և կրոնական ժառանգությունը»։
«Կոչ ենք անում անհապաղ քաղաքական ջանքեր և անվտանգության միջոցներ գործադրել՝ այս իրավիճակին դիմակայելու հնարավորությունը պահպանելու համար։ Կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի գործակալություններին՝ կատարել բնակչությանը պաշտպանելու իրենց բարոյական պարտքը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»,- հայտարարել են հոգևոր առաջնորդները։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են քաղաքի քրիստոնեական համայնքների բարձրաստիճան առաջնորդները՝ Գեորգի Իսկանդար՝ Մելկիտ հունա-կաթոլիկ եկեղեցու Տյուրոսի միտրոպոլիտ, Իլիա Կֆուրի՝ Անտիոքի ուղղափառ եկեղեցու Տյուրոսի, Սիդոնի և կախյալ տարածքների միտրոպոլիտ, Շարբել Աբդալլահ՝ Մարոնի կաթոլիկ եկեղեցու Տյուրոսի արքեպիսկոպոս։
Source: https://news.am/hy/news/1042343