Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը, սակայն թույլ չեն տվել։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:
«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- հայտնել են դատախազությունից:
Source: https://news.am/hy/news/1042297