Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովը։
Ամենամյա համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել ոլորտի նորարարություններով: Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից:
Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբան, ՀՀ-ում Յունիսեֆի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել բարձր մասնակցություն ապահովելու համար, ինչը, ըստ նրա, վկայում է, որ ուսուցչական համայնքի համար արդիական և կարևոր են նոր գաղափարների, խնդիրների, ձեռքբերումների վերաբերյալ քննարկումները:
Նրա խոսքով՝ համաժողովի խորագիրն ընտրվել է՝ միասին հասկանալու, թե ինչպես պետք է տեխնոլոգիաները կիրառվեն կրթության մեջ հնարավորինս արդյունավետ և նվազագույն ռիսկերով. «Հուսով եմ՝ այսօրվա քննարկումները մեզ հնարավորություն են տալու կիսվել այն դրական փորձառությամբ և ռիսկերով, որոնց ուսուցիչներն աշխատանքի ընթացքում բախվել են և գտել լուծումներ։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ ցանկացած միջազգային աշխատաժողովում այլ երկրները հետաքրքրվում են մեր արդյունքներով, պետության տեխնոլոգիական ծրագրերով՝ դրանք իրենց կրթական համակարգերում ներդնելու նպատակով, ինչը նշանակում է, որ մեր փորձառությունը կարևորվում է միջազգայնորեն»:
Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև կրթության գործընթացում արհեստական բանականության հնարավորությունների կիրառումը և ռիսկերի ճիշտ գնահատումն ու կանխարգելումը: Ըստ նրա՝ տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորությունները պետք է դարձնել աշակերտների հետ ավելի արդյունավետ աշխատելու ձևեր. «Տեխնոլոգիաներն այնպիսի արագությամբ են զարգանում, որ պետք է հասցնել ժամանակի հետ համաքայլ գնալ։ Մեր աշակերտները տեխնոլոգիաների դարաշրջանի սերունդ են, որոնք ամեն օր հսկայական ծավալի տեղեկատվություն են ստանում տեխնոլոգիական տարբեր ճանապարհներով: Դպրոցում ակադեմիական կրթությունը պետք է կազմակերպել այնպես, որ այն աշակերտի համար լինի հետաքրքիր, գրավիչ, արդյունավետ՝ հաշվի առնելով այսօրվա սովորողի առանձնահատկությունները»: Եզրափակելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանը հաջողություն ու արդյունավետ ընթացք է մաղթել համաժողովի մասնակիցներին:
«Երևանի պետական համալսարանը իր հիմնադրման առաջին իսկ օրերից եղել է գիտելիքի, գիտության և կրթական առաջընթացի կարևոր կենտրոն։ Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր ԵՊՀ-ում համախմբվել են Հայաստանի մանկավարժական համայնքի ներկայացուցիչները՝ քննարկելու կրթության զարգացման նոր հնարավորությունները, կիսվելու փորձով և ձևակերպելու ապագայի կարևոր ուղենիշները»,- բացման խոսքում նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Կրթական համակարգում տեխնոլոգիական առաջընթացի կարևորությունը շեշտելու համատեքստում նա հիշեցրել է, որ բոլորովին վերջերս Կառավարության ուղղակի աջակցությամբ Երևանի պետական համալսարանում բացվել է տարածաշրջանի ամենամեծ սուպեր համակարգիչը, որով արդեն մոտ 20 հետազոտողներ համալսարանում արհեստական բանականության մեծ խնդիրներ են լուծում: Այն բաց է նաև այլ հետազոտողների համար:
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Տեխնոլոգիական կրթության դերը արդի դպրոցում» խորագրով պլենար նիստ, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել «Հանրակրթական դպրոցներում ներդրված տեխնոլոգիական կրթության ծրագրերի ազդեցությունը կրթության որակի բարձրացման վրա» թեմայով բանախոսությամբ:
Տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ տեխնոլոգիական կրթության կազմակերպմանն առնչվող տարբեր թեմաներով:
Մինչ համաժողովի մեկնարկը՝ մասնակիցները ծանոթացել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում բացված դպրոցականների նախագծային աշխատանքների էքսպո ցուցահանդեսին:
Source: https://news.am/hy/news/1038780
Armenia
Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։