Մենք այժմ սպասում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով արդյունքների ամփոփմանը (կհաղթահարի՞ արդյոք անցողիկ շեմը – խմբ.), ինչից հետո հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ։ Հունիսի 9-ին «Facebook»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նա ընդգծել է, որ ներկայումս երկրում ընթանում է ձայների վերահաշվարկի գործընթաց, որի արդյունքներն էլ կորոշեն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի՞ Ազգային ժողով, թե՞ ոչ։
Կարապետյանը պարզաբանել է, որ այս քաղաքական ուժի անցնելու դեպքում ընդդիմությունը կստանա իրավական հզոր գործիքակազմ՝ անօրինականություններին հակազդելու համար, քանի որ այս անգամ իշխող թիմը կորցրել է զգալի թվով մանդատներ և այլևս չի կարողանա միանձնյա հաստատել գլխավոր դատախազի, դատավորների և դատարանների նախագահների թեկնածությունները՝ հաշվի չառնելով ընդդիմախոսների կարծիքը։ Նրա գնահատմամբ՝ խորհրդարանի պատերի ներսում ուժեղ ընդդիմադիր դաշինքի հայտնվելը թույլ կտա հավասարակշռել իշխանության համակարգը և բարձրացնել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, սակայն եթե ակնհայտ դառնա, որ այդ տարբերակը արդյունք չի տալիս, թիմն անհապաղ հանդես կգա հատուկ հայտարարությամբ։
Նարեկ Կարապետյանը հայրենակիցներին հիշեցրել է, որ իշխանափոխության համար միշտ էլ գոյություն ունի երկու լեգիտիմ ճանապարհ՝ համապետական ընտրությունները կամ սահմանադրական նորմերի շրջանակում անկցկացվող փողոցային պայքարը։ Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ազգային ժողովի նոր դասավորվածության պայմաններում վարչապետին պաշտոնանկ անելու համար այժմ անհրաժեշտ են իշխող ճամբարի ընդամենը մի քանի պատգամավորի ձայներ։ «Զուտ տեսականորեն, եթե այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդամենը 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը»,- նշել է Նարեկ Կարապետյանը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ ընտրությունների ավարտից անմիջապես հետո նման սցենար իրականացնելը բավականին բարդ է։ Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչը վստահություն է հայտնել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընդդիմությունը պատմական մեծ հնարավորություն կունենա այդ փոփոխություններն կյանքի կոչելու համար։
Source: https://news.am/hy/news/1042209