Հունիսի 8-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ֆինլանդական կայարանի մոտակա արդյունաբերական գոտում, պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ ԱԻՆ-ի հստակեցմամբ՝ հրդեհը բռնկվել է Միներալնայա փողոցի թիվ 32 հասցեում։ Ըստ բաց աղբյուրների տվյալների՝ այս հասցեում է գտնվում «Ռոսկոսմոսին» պատկանող «Արսենալ» գործարանի արտադրական շենքը։
«Ֆոնտանկա» պարբերականի տեղեկություններով՝ արտակարգ պատահարի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Նրանցից երկուսին հայտնաբերել են այրված շինության ներսում, իսկ մյուս երկուսին՝ փլատակների տակից։ Եվս երկու հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ ԱԻՆ-ը հայտնել է երկու տուժածի մասին։
Լրատվամիջոցը գրում է, որ այրվել է այն անգարը, որտեղ քիմիական ռեագենտներ են պահվել։ 400 քառակուսի մետր տարածք ընդգրկած հրդեհը մարել են ինը ժամ շարունակ՝ գործընթացում ներգրավելով նաև հատուկ հրշեջ գնացք։ Պայթյունի ալիքը փլուզել է աղյուսե պարիսպը, որը բաժանում էր երկաթգծերը ձեռնարկության տարածքից։ Սև ծխի թանձր սյունը տեսանելի է եղել Պետերբուրգի տարբեր շրջաններից։ Պատահարի պատճառով կայարանում դադարեցվել էր գնացքների շարժը։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 216-րդ հոդված, որը նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում): Որպես կատարվածի հիմնական վարկած դիտարկվում է ացետոնի գոլորշիների բռնկումը։
«Արսենալ» մեքենաշինական գործարանն արտադրանք է թողարկում ռուսական բանակի և տիեզերական ոլորտի համար։ Մասնավորապես, այնտեղ արտադրվում են արբանյակներ (ներառյալ «Լոտոս» ռադիոտեխնիկական հետախուզական սարքերը), նավային հրետանային և արձակման կայանքներ (ԱԿ-100, ԱԿ-130, ԱԿ-176ՄԱ և այլն), ինչպես նաև հրթիռների շարժիչներ։ Գործարանը գտնվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների ներքո՝ որպես ռուսական պետական ռազմական պատվերներ կատարող ընկերություն:
Source: https://news.am/hy/news/1042240