Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի արտգործնախարարները հայտարարել են համակարգված միջոցների ձեռնարկման մասին՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել ծայրահեղական տրամադրություններ ունեցող իսրայելցի բնակեցնողներին։ Այդ քայլը դարձել է արձագանք Հորդանան գետի Արևմտյան ափին իրավիճակի կտրուկ վատթարացմանը։
Երեքշաբթի ավելի վաղ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին հայտարարելով՝ պետությունների խումբը պաշտոնապես զգուշացրել է, որ պատրաստ է դիմել հետագա խիստ միջոցների, եթե Իսրայելի կառավարությունը հրատապ քայլեր չձեռնարկի տեղերում իրավիճակի կարգավորման համար։
Ըստ բրիտանական կառավարության պաշտոնական հայտարարության՝ նոր տնտեսական սահմանափակումները կոչված են արգելափակելու ֆինանսական այն հոսքերը, որոնք «թույլ էին տալիս բնակեցնողների ծայրահեղական խմբերին անպատժելիորեն գործել» Արևմտյան ափին։
«Բնակավայրերի ընդլայնումը և բնակեցնողների իրականացրած բռնությունն անօրինական են։ Դրանք հիմնարար սպառնալիք են երկու պետությունների հայեցակարգի կենսունակության, ինչպես նաև ինչպես պաղեստինցիների, այնպես էլ հենց իրենց՝ իսրայելցիների երկարատև խաղաղության ու անվտանգության համար»,- ըստ հրապարակված քաղվածքների, իր գալիք ելույթում ավելի ուշ խորհրդարանում կհայտարարի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուպերը։
Source: https://news.am/hy/news/1042363