«Իսրայելն ու Միացյալ Նահանգներն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, սակայն լինում են իրավիճակներ, երբ մեր ուղիները բաժանվում են»,- Fox News-ի «Jesse Watters Primetime» հաղորդաշարի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Կարծում եմ՝ նախագահը հստակ ձևակերպեց. թեև Իսրայելն, ակնհայտորեն, ունի սեփական նպատակները, Իրանի հարցում Միացյալ Նահանգների գլխավոր խնդիրն է՝ երաշխավորել, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստանա»,- հավելել է նա։
Վենսի այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզության վերջին զեկույցները խորը մտահոգություն են առաջացրել Վաշինգտոնում։ Այդ տվյալների համաձայն՝ իսրայելական հատուկ ծառայությունները հետևել են ամերիկացի դիվանագետներին, ովքեր մասնակցում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին։
Հսկողություն սահմանված անձանց թվում են եղել նաև Պենտագոնի գլխավոր ռազմավար Էլբրիջ Ա. Քոլբին և Թրամփի առանցքային բանակցող Սթիվ Ուիթքոֆը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Լիբանանին ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) հասցրած հարվածների առնչությամբ տեղի ունեցած ծանր հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուին «խենթ» է անվանել։ Այս միջադեպը ջրի երես է հանել երկու երկրների առաջնորդների միջև առկա հազվադեպ ու խորը տարաձայնությունները։ Իրանի հետ բանակցությունների ձևաչափի շուրջ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների միջև լարվածության սրման ֆոնին՝ Պենտագոնն Իսրայելին ներառել է ԱՄՆ-ի համար հակահետախուզական գլխավոր սպառնալիքների ցուցակում։
Փոխնախագահը խոստովանել է, որ թեև անվտանգության ոլորտում Իսրայելի մտահոգությունները մնում են կարևոր գործոն, իրանական ուղղությամբ ԱՄՆ քաղաքականությունը միշտ թելադրվելու է բացառապես Ամերիկայի ազգային շահերով։
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք ստեղծել ենք անհրաժեշտ դիվանագիտական հարթակը։ Նախագահը կարծում է, և ես նույնպես կարծում եմ, որ նա լիովին իրավացի է, որ մենք կարող ենք հասնել իրանական միջուկային խնդրի երկարաժամկետ կարգավորմանը»,- նշել է Վենսը։ «Սա կարող է դուր գալ Իսրայելին, կարող է և դուր չգալ։ Բայց, ի վերջո, մենք համոզված ենք, որ սա բխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների գերակա շահերից»։
Վենսն ակնարկել է, որ բանակցություններում առաջընթացի նշաններ են նկատվում՝ նշելով, որ Իրանը «իրական քայլեր» է անում, քանի որ ձգձգվող հակամարտությունը ձեռնտու չէ Թեհրանին։ «Իրանցիները չեն ցանկանում այս պատերազմի շարունակությունը։ Դա չի բխում նրանց շահերից, և ես տեսնում եմ, որ նրանք նստում են բանակցությունների սեղանի շուրջ ու իրոք լուրջ առաջարկներ անում»,- պատմել է փոխնախագահը։
Հարցին, թե արդյոք նա չի՞ կարծում, որ Թեհրանը փորձում է բանակցություններում «մոլորեցնել Միացյալ Նահանգներին», Վենսը պատասխանել է. «Բոլորն էլ միշտ փորձում են գերազանցել միմյանց։ Ես ի սկզբանե չեմ առաջնորդվում այն կանխավարկածով, թե որևէ մեկը գործում է բարի մղումներից ելնելով»։
Այնուամենայնիվ, փոխնախագահը լավատեսություն է հայտնել Մերձավոր Արևելքում վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորության վերաբերյալ։ Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ խիստ վերահսկողությունն ու միջազգային տեսչական ստուգումները վճռորոշ նշանակություն կունենան, որպեսզի Իրանը կատարի միջուկային գործարքի պայմանները։
«Մենք խորապես ներգրավված ենք այս բանակցային գործընթացում։ Մեր դիրքորոշումն է՝ կատարել նախագահի առաջադրանքը, բայց միևնույն ժամանակ ապահովել երկարաժամկետ վերահսկողություն, որ իրանցիները հավատարիմ կմնան իրենց խոստմանը։ Սա բարդագույն խնդիր է, սակայն նախագահը հիանալի մեկնարկային պայմաններ է ստեղծել այն լուծելու համար»։
«Օբամայի գործարքի գլխավոր սխալը տեսչական ստուգումների պատշաճ համակարգի բացակայությունն էր, որը կերաշխավորեր, որ իրանցիները երբեք միջուկային զենք չեն ստեղծի»,- հավելել է Վենսը։
Ի վերջո, փոխնախագահն ընդգծել է, թե որքան նշանակալի հաղթանակ կլինի Վաշինգտոնի համար ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը. «Եթե մենք կնքենք այս գործարքը, դա բացարձակ հաղթանակ կլինի ամերիկյան ողջ ժողովրդի համար»։
Source: https://news.am/hy/news/1042335