ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահություն է հայտնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Իրանի հետ պատերազմի վերածումը հերթական «ճահճի», որտեղ Միացյալ Նահանգները կխրվեն երկար տարիներ՝ առանց հստակ առաքելության, նպատակների և խնդիրների։
«Ես լիովին վստահ եմ, որ մենք չենք խոսի Ամերիկայի ներգրավվածության մասին Իրանի գործերում նույնիսկ մեկ տարի անց, և առավել ևս՝ շատ տարիներ անց»,— երկուշաբթի USA TODAY պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Վենսը։
Վենսը, որն իրաքյան պատերազմի վետերան է և ներկայիս վարչակազմում արտերկրում ամերիկյան ռազմական միջամտության ամենակատաղի քննադատը, ընդգծել է, որ Իրանում ԱՄՆ-ի ռազմական արշավը չի կրկնի Իրաքում և Աֆղանստանում երկարատև պատերազմների սցենարը՝ չնայած այն հանգամանքին, որ հակամարտության ավարտի շուրջ բանակցությունները շարունակվում են, և դրանց վերջը դեռևս չի երևում։
«Չեմ կարծում՝ նախագահը դա թույլ տա»,- նշել է Վենսը։
Դոնալդ Թրամփն արդեն բազմիցս ակնարկել է գործարքի կնքման մոտ լինելու մասին, սակայն բանակցություններն ամեն անգամ մտնում էին փակուղի՝ տեղը զիջելով նոր փոխադարձ հարվածների։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահը չի բացառել ռազմական գործողությունների ուժգնացման հնարավորությունը մինչև պատերազմի ավարտը, եթե ամիսներ տևող բանակցություններն այդպես էլ հաջողությամբ չպսակվեն։ «Ես հավատում եմ, որ մենք հաջողության կհասնենք,- հայտարարել է Վենսը,- բայց եթե այդ դիվանագիտությունն ի վերջո ձախողվի, նախագահն իր տնօրինության տակ ունի նաև այլ գործիքներ։ Սակայն, քանի դեռ մենք այս արշավը պահում ենք մեր գլխավոր, առանցքային առաքելության շրջանակում, այն է՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ, այն չի վերածվի ճահճի»։
Source: https://news.am/hy/news/1042372