Գազայի հատվածում 2024 թվականի վերջին իսրայելական ուժերի ձերբակալած և արդեն ավելի քան 500 օր առանց պաշտոնական մեղադրանքի առաջադրման պահվող պաղեստինցի հայտնի բժշկի որդին խոր մտահոգություն է հայտնել հոր կյանքի և առողջության համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բժշկին, առանց պատճառների բացատրության, տեղափոխել են խիստ ռեժիմի բանտի մենախցիկ, գրում է The Guardian-ը։
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Քամալ Ադվան» հիվանդանոցի տնօրեն, դոկտոր Հուսամ Աբու Սաֆիան ձերբակալվել էր հենց աշխատավայրում՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։ «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների Իսրայելում» (PHRI) իրավապաշտպան կազմակերպությունն անցյալ շաբաթ տեղեկություն է ստացել այն մասին, որ 53-ամյա բժիշկը «Քցիոտ» բանտից տեղափոխվել է («Գանոտ» բանտային համալիրի մեջ մտնող) «Ռեմոն» բանտ, որտեղ նրան տեղավորել են մենախցում։ PHRI-ում նշել են, որ տեղափոխման պատճառների մասին իրենց չի հայտնվել։
Անցյալ ամիս PHRI-ի փաստաբանի այցելության ժամանակ Աբու Սաֆիան նկարագրել է պահման դաժան պայմանները, բժշկական օգնության բացակայությունը և սննդի սուր պակասը։
Նրա որդին՝ Էլիաս Աբու Սաֆիան, որը նույնպես բժիշկ է, պատմել է, որ հորը վիրահատություն է անհրաժեշտ՝ ձերբակալման ժամանակ ձախ ազդրում մնացած բեկորները հեռացնելու համար, և որ նա շարունակում է տառապել մշտական ցավից ու վերքի շրջանում այտուցից։
«Այն, ինչ մեզ հայտնի է [նրա կալանավորման ժամանակահատվածի մասին], վկայում է ծանր տառապանքների մասին,- ասել է Էլիասը:- Ձերբակալության առաջին ամիսներին նրան թույլ չէին տալիս փոխել հագուստը, ինչի հետևանքով նրա մոտ զարգացել են մաշկային հիվանդություններ, որոնք պատշաճ բուժում չեն ստացել»։
«Մեզ հայտնել են, որ այժմ նրան պահում են ծայրահեղ փոքր մենախցում՝ բառացիորեն մեկ մետրը մեկ մետրի վրա չափսերով. մի տարածքում, որտեղ հազիվ է հերիքում տեղը շարժվելու կամ նորմալ նստելու համար»,- հավելել է նա։
Ըստ Էլիասի՝ ձերբակալության պահին հայրը եղել է սպիտակ բժշկական խալաթով, որը նա սկզբունքորեն հրաժարվում էր լվանալ այն բանից հետո, երբ նրա երկրորդ որդին՝ Իբրահիմը, զոհվել էր 2024 թվականի հոկտեմբերին հիվանդանոցի մուտքի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից։
Դոկտոր Աբու Սաֆիան ապահովել է հիվանդանոցի անդադար աշխատանքը իսրայելական ուժերի կողմից ավելի քան 80 օր տևած շրջափակման և հարձակումների ընթացքում՝ հարակից փախստականների ճամբարում ընթացող ինտենսիվ ռազմական գործողությունների ֆոնին։ Ձերբակալությունից ավելի քան 525 օր անց իսրայելական իշխանությունները այդպես էլ նրան ոչ մի պաշտոնական մեղադրանք չեն առաջադրել։ Նրան դասակարգել են որպես «անօրինական կոմբատանտ» (մարտիկ)՝ ավելի քան 375 այլ բժշկական աշխատողների հետ միասին. դա իրավական կարգավիճակ է, որն Իսրայելը հաճախ օգտագործում է առանց դատի երկարատև կալանքի տակ պահելը հիմնավորելու համար։ Ձերբակալման պահից ի վեր ընտանիքը ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել ուղիղ կապ հաստատել նրա հետ։
«Նրա դեմ ուղղված միակ մեղադրանքը հիվանդանոցը տարհանելու և բուժառուներին բախտի քմահաճույքին լքելու իսրայելական բանակի հրամանին չենթարկվելն է»,- ընդգծել է Էլիասը։
Source: https://news.am/hy/news/1042344