Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Հունիսի 8-ին՝ ժամը 16․45-ին, Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ նա տեղափոխվեց համայնքային բաժին։34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով ութ փաթեթ։ Ըստ օտարերկրացու՝ փաթեթներում «կրիստալ» տեսակի թմրամիջոց էր։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։
Source: https://news.am/hy/news/1042347