Այս տարի մեքենաներում մանկական նստատեղերի բացակայության փաստերով կազմվել է շուրջ 5500 վարչական արձանագրություն։ Հունիսի 9-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
«Անցած տարվա համեմատ մենք կրկնակի շատ արձանագրություն ենք կազմել։ Այսինքն՝ վարչական վերահսկողությունը խստացվել է։ Բայց նորից պիտի կրկնեմ՝ սա այնպիսի խախտում է, որ մարդ պետք է ինքնաբերաբար գիտակցի՝ խոսքն իր կամ իր ամենաթանկ էակի՝ երեխայի կյանքի ու առողջության մասին է»,- ասել է Մկրտչյանը։
Փոխնախարարի խոսքով՝ նույնքան վտանգավոր է նաև ղեկին հեռախոսով խոսելը կամ հաղորդագրություն գրելը, ինչը արագության գերազանցման հետ համատեղ կարող է ճակատագրական լինել մարդկանց կյանքի համար։
«Առաջիկայում մենք կսկսենք արձանագրել նաև մեքենայի սրահում կատարվող վարչական իրավախախտումները, մասնավորապես՝ հեռախոսից օգտվելը։ Մենք ունենք տեխնիկապես կահավորված պարեկային ավտոմեքենա, որն արդեն այս տարի դուրս կգա հերթապահության։ Այն հնարավորություն ունի 360 աստիճանով տեսանկարահանել այլ մեքենաները։ Լրացնելով խոսքս՝ նշեմ, որ ղեկին բջջային հեռախոսից օգտվելու արդեն 19 հազար դեպք ենք արձանագրել»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։
Source: https://news.am/hy/news/1042288