Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում հունիսի 6-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են տների տանիքներ, լուսամուտներ, արևային կայաններ, մեքենաներ, տնամերձ հողատարածքներում գտնվող ջերմոցներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Արսեն Ավագյանը։

«Համայանքապետարանի կողմից ձևավորվելել է արտակարգ իրավիճակների համար արագ արձագանքող խումբ, հայտարարություն է տրվել, որ տուժած բնակիչները մոտենան համայնքապետարան ՝ խնդիրները գրանցելու համար։ Այս պահի դրությամբ, 1200-ից ավել հայտեր ունենք արդեն՝ տների տանիքների, ջրատաքացուցիչներ, արևային կայանների, պատուհանների վերաբերյալ։ Բացի այդ, 650–ից ավելի մեքենանարի վնասների մասին արձանագրություն է կազմել ԱԻՆ–ը։ Այս պահին վնասների գրանցման փուլն է, փոխհատուցման համար առայժմ կարգավորում չկա, նիստ պետք է տեղի ունենա, բայց ասել են, որ փոխհատուցում լինելու է»,–նշեց Արսեն Ավագյանը՝ հավելելով, որ վնասի չափը կարող է 1 մլրդի հասնել՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տան տանիքի վերանորոգումը կարող է միջինում 1 մլն դրամ արժենալ։

Կարկուտի հետևանքով մարմնական թեթև վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը, որը Բագեր կոչվող դաշտային հատվածում արածացնում էր ոչխարներին։ Տղամարդը հրաժարվել է բժշկական միջամտությունից։ Կարկուտի պատճառով անկել են ոչխարներ։

«41 ոչխար է անկել, արձանագրություն է կազմվել, կատարվել է անկած անասունների հուղարկավորություն՝ սանիտարական նորմերին համապատասխան»,–հավելեց Ավագյանը։

Արսեն Ավագյանը նշեց, որ 20 րոպե տևած կարկուտն աննախադեպ վնասներ է պատճառել ստեփանավանցիներին։

«Միշտ էլ կարկուտ եկել է, բայց այս կարգի ոչ մի անգամ չի եղել։ Վնասը շատ մեծ է»,–ասաց Ավագյանը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ հարակից բնակավայրերում գործող հակակարկտային կայանները գործել են, ինչի արդյունքում գյուղական բնակավայրերում մեծ մասշտաբի վնասներ չեն եղել։

Source: https://news.am/hy/news/1042215